Դեկտեմբերի 23–ին հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իր գոհունակությունը հայտնելով վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին մայրաքաղաքում տեղացած ձյան մաքրման և ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքների հետ կապված, միաժամանակ հանձնարարել է սանմաքրման և կանաչապատման ձեռնարկությունների հետ համատեղ մինչև օրվա վերջ կազմակերպել մայթերի ու կանգառների, երկրորդական փողոցների, բակային տարածքների, աստիճանավանդակների ձյան մաքրման աշխատանքները, ինչպես նաև շուրջօրյա աշխատանքային գրաֆիկ սահմանել և պատրաստ լինել առաջիկայում սպասվող հնարավոր տեղումների հետևանքներն արագ վերացնելու համար:Ինչպես armlur.am -ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, հատկանշելով օպերատիվ շտաբի կողմից ողջ գիշերվա ընթացքում իրականացրած աշխատանքը, որին քաղաքապետն անձամբ է հետևել, նշվել է, որ մասնակի թերացումներ են նկատվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Վիճակը շատ արագ շտկվել է, սակայն արդյունքում սանմաքրման ձեռնարկության տնօրենն ազատվել է աշխատանքից : “Տեղումների ժամանակ քսանչորս ժամ շարունակ ոչ միայն պետք է հետևենք աշխատանքների օպերատիվ կազմակերպմանը, այլև կանգնեք սանմաքրման աշխատակիցների կողքին: Աղ ու ավազը խնայել պետք չէ: Ճանապարհները պետք է լինեն անցանելի, բնակիչը ձյան մաքրման հետ կապված դժգոհություն չպետք է ունենա”, -ընդգծել է Տարոն Մարգարյանը, ավելացնելով, որ ռեսուրսները բավարար են աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար, թերացումների դեպքում պատասխանատուները կպատժվեն:
Թերացումներ Մալաթիա–Սեբաստիա համայնքում, տնօրենն ազատվել է աշխատանքից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ