Armenian text to speach

Ռուսաստանի նավթային հսկան՝ հարվածների, վերանորոգման ծախսերի և պատժամիջոցների ճնշման տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը բախվում է ֆինանսական դժվարությունների՝ Ուկրաինայի կողմից նավթավերամշակման գործարանների վրա շարունակվող հարձակումների պատճառով։ Bloomberg-ի տվյալներով՝ ընկերության պաշտոնյաները մտահոգություն են հայտնել, որ հարձակումների շարունակությունը կարող է երկարաժամկետ վնաս հասցնել ընկերությանը։

«Ռոսնեֆտի» 12 նավթավերամշակման գործարանները կազմում են Ռուսաստանի նավթավերամշակման ընդհանուր հզորության մոտ մեկ երրորդը։ Հարվածների հետևանքով Ռյազանի գործարանը երկար ժամանակ աշխատել է սահմանափակ հզորությամբ, Սիզրանի գործարանը ամիսներ շարունակ ամբողջությամբ կամ մասամբ չի գործել, իսկ Տուապսեի գործարանը փակ է ապրիլից։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ 2026 թվականի առաջին կիսամյակում «Ռոսնեֆտի» զուտ շահույթը տարեկան կտրվածքով նվազել է գրեթե 20 տոկոսով՝ հասնելով 200 միլիարդ ռուբլու։ Միաժամանակ ընկերության զուտ պարտքի և եկամտի հարաբերակցությունն աճել է 1,8 անգամ՝ հասնելով վերջին հինգ տարվա առավելագույն մակարդակին։

Ընկերության ֆինանսական խնդիրները խորացնում են վերանորոգման ծախսերի աճն ու միջազգային պատժամիջոցները, որոնք սահմանափակում են անհրաժեշտ սարքավորումների և պահեստամասերի հասանելիությունը։ «Ռոսնեֆտը», սակայն, հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկում գործարանների անվտանգությունն ու աշխատանքն ապահովելու համար, իսկ բենզալցակայանները շարունակում են վառելիք մատակարարել։

Bloomberg-ի գնահատմամբ՝ 2026 թվականին Ուկրաինան առնվազն 114 հարձակում է իրականացրել Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների ուղղությամբ։ Հոկտեմբերին Կիևը կարճ ժամանակով դադարեցրել էր հարվածները՝ կապված էներգետիկ հրադադարի նախաձեռնության հետ, սակայն հետագայում վերսկսել էր դրանք։




Լրահոս