«ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՀՐԱՇՔՆԵՐԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոստացվածի պես «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե հայտնիներն ինչպես են պատրաստվում Նոր տարվան:
Մեր զրուցակիցն է երգչուհի ԱՐՄԻՆԿԱՆ, ով արդեն որոշել է, թե ուր է գնալու տոներին:
-Մենք արդեն որոշել եք, թե որտեղ ենք դիմավորելու մեր Նոր տարին: Մենք ընտանիքով սիրում ենք տաքություն, դրա համար էլ ամսվա վերջին մոտ 20 օրով մեկնելու ենք տաք երկիր` Արաբական Էմիրություններ` Դուբայ:
-Ինչո՞ւ հենց Դուբայ:
-Դե ասացի, մենք ընտանիքով ցուրտը չենք սիրում, կա նաեւ ուրիշ պատճառ: Երկիրը, ուր մեկնում ենք, մոտ է թռիչքի առումով, մեզ հետ երեխա կա, շատ հեռու գնալ չէինք կարող, թե չէ կարող էինք շատ ավելի հետաքրքիր երկիր ընտրել, քանի որ անցած տարի էլ ենք Դուբայում անցկացրել Նոր տարին:
-Նոր տարին դրսում դիմավորելն ավանդո՞ւյթ է դարձել:
-Մինչ այդ ինձ համար ավանդույթ էր Նոր տարին բեմի վրա դիմավորելը, բայց Ալեքսի ծնունդից հետո ես մտածում եմ` ավելի ճիշտ է այն անցկացնել ընտանիքի հետ, քանի որ Ամանորն ամենաընտանեկան տոնն է:
-Փաստորեն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ստիպված չեք լինի շատ հայ կանանց պես սեղան զարդարել, տարատեսակ աղցաններ պատրաստել…
-Ո՛չ, ես ծովափին պառկած եմ լինելու եւ վայելելու եմ իմ հանգիստը: Ամանորյա այդ ավելորդ եփել-թափելը, վազվզոցն ու չարչարանքը չեմ սիրում, դրանից միայն հոգնածություն է մնում: Ինձ ավելի հաճելի է լինել հանգիստ մթնոլորտում իմ սիրելիների հետ, ավելի շատ ջերմանալ` կտրվելով երեւանյան ցուրտ օրերից:
-Նոր տարին ասոցացվում է ձյան, տոնածառի, Ձմեռ պապի հետ:
-Դուբայում նույնպես կան տոնածառեր` ամեն քայլափոխի, մեկը մյուսից շքեղ: Չնայած այն բանին, որ չկա ձմեռ, տոնական տրամադրությունն ամենուր առկա է, ու վերջապես` Դուբայում կա ամեն ինչ: Կարելի է նույնիսկ գնալ սառցադաշտ ու մի որոշ ժամանակ զգալ ձմեռային մթնոլորտը:
-Կհիշե՞ք Ձեր կյանքի ամենագեղեցիկ Նոր տարին:
-Նոր տարին փոքրուց էլ չեմ սիրել հենց աժիոտաժի պատճառով: Երբ սկսեցի աշխատել, այդ տոնը վերածվեց աշխատանքի` հաճելի պարտականության… 10 տարուց ավել այդպես եմ նշել, հիմա եմ հասկանում այդ տոնի բերկրանքը, գեղեցկությունն ու իմաստը: Հիմա ինձ հետաքրքիր է որդուս հետ որպես մայրիկ անցկացնել տոնը:
-Մեր քաղաքացիներից շատերն էլ Ձեզ պես չեն սիրում տոնը, բայց ոչ թե աժիոտաժի պատճառով, այլ որ իրենց բյուջեի մեծ մասն այդ տոնին սպառվում է:
-Բնականաբար, բոլորի մոտ էլ այդ տոներին ծախսվում են շատ ավելի մեծ գումարներ, քան դու կարող ես նախատեսել: Բայց ես մի բան եմ հասկացել: Կարեւորը տրամադրությունն է, թե դու ինչ հոգեվիճակով եւ ում հետ կդիմավորես Նոր տարին: Շատ անիմաստ եմ համարում, երբ մարդիկ այդ գնումներն անում են, կոպիտ ասած, իրենց կաշվից ելնելով: Մեր խեղճ տնային տնտեսուհիները մի կերպ հասնում են այդ սեղանին, ու իրենք էլ բավականություն չեն ստանում այդ ամենից: Կարեւորը, որ ընտանիքում ջերմություն լինի: Ես դաս եմ արել ու փորձում եմ խուսափել անիմաստ ծախսերից: Թանկարժեք ուտեստների փոխարեն ես կարող եմ շատ ուրիշ կարիքներ հոգալ` իմ ընտանիքի հետ կապված: Փառք Աստծո, ես չեմ դժգոհում, ես ու քույրս տարվա ընթացքում կարողանում ենք ապահովել ե՛ւ նորմալ սնունդ, ե՛ւ հագուստ, ե՛ւ հանգիստ, բայց անել ինչ-որ անիմաստ ծախսեր, որ հետո պետք է գնա աղբարկղ, չեմ անի: Դրա համար ինձ ավելի հաճելի է անել ծախս, 15-20 օրով մեկնել հանգստի, քան գումարը ծախսել տոնական սեղանի վրա:
-Իսկ որքա՞ն են արժեցել այդ ուղեգրերը:
-Չեմ սիրում խոսել այդ տեսակ բաներից, չկա թաքցնելու կամ խուսափելու բան, ուղղակի չեմ բարձրաձայնի: Ես ամբողջ տարի աշխատում եմ եւ իմ աշխատանքի արդյունքում կարող եմ ինձ ինչ-որ բան թույլ տալ կամ չտալ: Ու չեմ վախենում, չեմ էլ ամաչում ինձ էդ տեսակ բաներ թույլ տալուց:
-Ի՞նչ նվերներ եք պատրաստվում գնել մտերիմների համար: Ձեր որդին` Ալեքսը, Ձմեռ պապիկից ինչ-որ բան խնդրե՞լ է:
-Առաջին նվերը համարում եմ այն, որ ինքս եմ գնել մեր ուղեւորության տոմսերն այս տարի: Քանի որ մենք մեծամասամբ դրսում ենք անցկացնում Նոր տարին, ես սիրում եմ դրսից գնել նվերները: Իսկ Ալեքսս 2 տարեկան 4 ամսական է, այս տարի արդեն ուրախանում է տոնածառով, Ձմեռ պապիկին նամակ է գրել տատիկի հետ: Եւ նամակում գրել է, որ Ձմեռ պապիկն իրեն կարմիր BMW մեքենա բերի: Անգամ չգիտեմ, թե այդ մակնիշը որտեղից է լսել: Իսկ մորաքրոջից խնդրել է նույն մեքենայից, բայց սպիտակը:
-Ի՞նչ հրաշքի եք սպասում այդ օրը:
-Ամեն տարի ես մի բանի եմ սպասում, որ հաջորդ տարին էլ ավելի լավը լինի, էլ ավելի բարեկեցիկ, խաղաղ ու անակնկալներով լի: Մեզ հետ հրաշքներ լինում են տարվա ընթացքում, կարեւորը մենք հասկանանք, որ դա հրաշք էր: Ես թանկ եմ գնահատում իմ կյանքում տեղի ունեցած եւ ունեցող հրաշքները: Շնորհավորում եմ բոլորին գալիք տարվա կապակցությամբ, ցանկանում եմ, որ մեր բալիկներն ունենան անամպ երկինք, չունենանք ոչ մի հոգս, լինենք մաքսիմալ անհոգ ու շրջապատված սիրով:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս