Armenian text to speach

Ծավում սնդիկի պատմությունը մոռացության է մատնվել․ բնակիչներին ասում են՝ ջուրն անվտանգ է, բայց կան բաց հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծավ համայնքի խմելու ջրի շուրջ ամիսներ առաջ բարձրացած աղմուկը կարծես աստիճանաբար մոռացության է մատնվում։ Մինչդեռ տեղի ունեցածը շարքային միջադեպ չէր․ խոսքը մարդկանց առողջության, խմելու ջրի անվտանգության և, հնարավոր է, պետական միջոցների անարդյունավետ ծախսման մասին է։ Իսկ ամենակարևոր հարցը՝ ի՞նչ էր իրականում հայտնաբերվել Ծավի ջրում, և ո՞վ պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար։

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում մի քանի անգամ անդրադարձել էր Ծավ համայնքի խմելու ջրի շուրջ ստեղծված մտահոգիչ իրավիճակին։ Հիշեցնենք՝ բնակիչները ահազանգում էին ջրի պղտորության, տհաճ հոտի ու համի, ինչպես նաև հնարավոր թունավորումների մասին։ Իրավիճակն առավել մտահոգիչ դարձավ սեպտեմբերի 14-ին, երբ Ծավի բնակիչներից մեկը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ահազանգեց՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում մետաղական զանգված է հայտնաբերել։

Դեպքը հանրային մեծ ուշադրություն գրավեց, քանի որ խոսվում էր խմելու ջրում սնդիկի առկայության մասին։ Թեև Առողջապահության նախարարությունը հետագա հետազոտությունների արդյունքներով հերքեց ջրում սնդիկի առկայության վտանգը, այդպես էլ հանրությանը չներկայացվեց տեղի ունեցածի ամբողջական պատկերը։

Արդյոք պարզվել է՝ ինչ մետաղական զանգված էր հայտնվել ջրում, ինչով էին պայմանավորված բնակիչների բարձրաձայնած խնդիրները, և արդյոք որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է ստեղծված իրավիճակի համար։

«Ժողովուրդ» օրաթերթը կրկին կապ է հաստատել Ծավ համայնքի ղեկավարի հետ՝ հասկանալու, թե այս պահին ինչ իրավիճակ է համայնքում, և արդյոք բնակիչները կարող են առանց մտահոգության օգտվել խմելու ջրից։

Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ այս պահին բնակիչներն ազատորեն օգտվում են ջրից, այդ թվում՝ զորամասը։ Սակայն, երբ փորձեցինք պարզել՝ արդյոք եղել են թունավորման դեպքեր, համայնքի ղեկավարն ասաց. «Ես չգիտեմ նման դեպք, երբ քաղաքացին ահազանգի, թե թունավորվել է սնդիկից։ Միայն գիտեմ, որ քաղաքացին հայտնել է մետաղական սնդիկի հայտնաբերման մասին»։

Ստացվում է՝ համայնքում կյանքը շարունակվում է բնականոն հունով, մարդիկ ջուր են օգտագործում, իսկ սեպտեմբերին բարձրացած աղմուկն առայժմ մնացել է անցյալում։ Բայց արդյոք խնդիրը լուծվե՞լ է, թե՞ պարզապես դադարել են դրա մասին խոսել։

Առանձին հարց է նաև պետական բյուջեին հասցված հնարավոր վնասը։ Եթե միջադեպի հետևանքով իրականացվել են լրացուցիչ հետազոտություններ, ջրագծերի մաքրման, վերականգնման կամ այլ աշխատանքներ, ապա որքա՞ն գումար է ծախսվել դրանց վրա։ Ո՞ր կառույցն է պատասխանատու եղել գործընթացի համար, և արդյոք ուսումնասիրություն իրականացվե՞լ է հնարավոր անփութության կամ պատասխանատուների թերացումների մասով։

Հանրության համար, սակայն, ամենակարևորն այլ հարց է. ո՞վ կարող է երաշխավորել, որ Ծավի բնակիչների ծորակներից այսօր հոսող ջուրն իսկապես անվտանգ է։

Վիկտորյա Բուդաղյան




Մամուլի Տեսություն

Լրահոս