Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի առաջիկա եռակողմ հանդիպման օրակարգն արդեն ձևավորված է։ Նրա խոսքով՝ նման հանդիպումը կարևոր է անկախ հանգամանքներից, քանի որ խոսքը երեք միջուկային տերությունների մասին է, որոնցից երկուսը նաև աշխարհի խոշորագույն տնտեսություններն են։
Ինչպես տեղեկանում է ArmLur.am-ը ՏԱՍՍ-ի հրապարակումից, Լավրովը նշել է, որ հանդիպման ընթացքում առաջնորդները հնարավորություն կունենան ազատորեն փոխանակվել կարծիքներով։ Միևնույն ժամանակ, նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու։
Ռուսաստանի արտգործնախարարը չի բացառել նաև, որ առաջիկա հանդիպումից հետո նման ձևաչափով նոր գագաթնաժողով կարող է կազմակերպվել։ Նրա խոսքով՝ դա դժվար գործընթաց չէ, եթե երեք երկրների ղեկավարները նման հանդիպման մեջ օգտակարություն տեսնեն։
Ուկրաինայի հարցով բանակցությունները կշարունակվեն
Անդրադառնալով ուկրաինական հակամարտության կարգավորմանը՝ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցությունները անպայման շարունակվելու են։
Նրա խոսքով՝ Աբու Դաբիում ամերիկյան և ուկրաինական կողմերի հետ հանդիպած ռուսական բանակցային խումբն արդեն զեկուցել է նախագահ Վլադիմիր Պուտինին։ Լավրովը նշել է, որ Կրեմլի արձագանքները բանակցությունների արդյունքներին զուսպ դրական են եղել։
Միաժամանակ ՌԴ արտգործնախարարը քննադատել է եվրոպական երկրների դիրքորոշումը՝ կապված Ուկրաինայում հրադադարի հաստատման հետ։ Նրա պնդմամբ՝ եվրոպացիների հայտարարությունները, թե մինչև հրադադար չլինի, այլ հարցեր չեն քննարկվելու, ուղղակի մարտահրավեր են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Լավրովը նաև պնդել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ալյասկայի Անքորիջ քաղաքում կայացած բանակցությունների ընթացքում մոտ էին վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերմանը, սակայն, իր գնահատմամբ, եվրոպական երկրները տապալել են այդ հնարավորությունը։
Նա հավելել է, որ եվրոպական առաջնորդները շարունակում են Ռուսաստանի հետ համատեղ անվտանգության համակարգ կառուցելու փոխարեն ձգտել անվտանգության ճարտարապետություն ձևավորել Ռուսաստանի դեմ։ Միևնույն ժամանակ, Լավրովի խոսքով, հետագայում Եվրոպային, այնուամենայնիվ, անհրաժեշտ կլինի ներգրավել եվրոպական անվտանգության ապագայի վերաբերյալ քննարկումներում։
Ռուսաստանը չի հրաժարվի իր նպատակներից
Լավրովն անդրադարձել է նաև Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների նպատակներին՝ հայտարարելով, որ Մոսկվան դրանցից չի հրաժարվելու։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, իր պնդմամբ, պայքարում է ոչ թե տարածքների, այլ մարդկանց համար, որոնց զրկել են իրենց հիմնարար իրավունքներից։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի նպատակները չեն փոխվել, և այդ մասին բազմիցս հայտարարել է նաև Վլադիմիր Պուտինը։
Արտգործնախարարը խոսել է նաև Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զինվորականների ներկայության մասին։ Նա պնդել է, որ Ռուսաստանին հայտնի է այդ զինվորականների ներկայությունը, և Մոսկվան համապատասխան երկրների միջոցով իր մտահոգություններն արդեն փոխանցել է։
Լավրովի խոսքով՝ Ուկրաինայում օտարերկրյա կայունացման ուժերի տեղակայումը Ռուսաստանը դիտարկելու է որպես Եվրոպայի անմիջական ներգրավում պատերազմի մեջ։ Նա նշել է, որ Մոսկվան բազմիցս զգուշացրել է արևմտյան երկրներին այդ հարցի վերաբերյալ։
Լավրովը քննադատել է ՆԱՏՕ-ին
ՌԴ արտգործնախարարը քննադատել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեությունը՝ հայտարարելով, որ ՆԱՏՕ-ի հայտնվելը տարբեր տարածաշրջաններում, իր գնահատմամբ, դրական հետևանքներ չի ունեցել։
Որպես օրինակ՝ նա հիշատակել է Իրաքում, Հարավսլավիայում և Լիբիայում իրականացված ռազմական գործողությունները՝ դրանք որակելով ագրեսիվ առաքելություններ։
Լավրովը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն ընդլայնում է իր ներկայությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Նրա պնդմամբ՝ դաշինքի նպատակն այդ տարածաշրջանում Չինաստանի զսպումն է և Հյուսիսատլանտյան դաշինքի նմանությամբ նոր ռազմական բլոկի ստեղծումը։
ՌԴ արտգործնախարարը, բացի այդ, անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրությանը։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը պաշտոնական հաղորդագրություն չի ստացել Մակրոնի՝ Ուկրաինայի հարցով բանակցություններում Եվրամիությունը ներկայացնելու պատրաստակամության վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ եթե Մակրոնը ցանկանում է զանգահարել Պուտինին, կարող է պարզապես դա անել՝ առանց իր մտադրությունների մասին հրապարակային հայտարարություններ անելու։
Անի Վարդանյան




























