Քննարկել են կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան ներկայացուցիչներին: Վերջիններս ներկայացրեցին կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքների ընթացքը: ԱԶԲ հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը տեղեկացրեց, որ արդեն ավարտվում են կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում ազգային ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները, որը բանկն իրականացնում էր ՀՀ կառավարության առաջարկով:

Համագործակցություն է ձեւավորվել նաեւ ոլորտում գործող մյուս կազմակերպությունների՝ KfW-ի , ՎԶԵԲ-ի հետ: KfW-ի կողմից կատարվում են Վանաձոր, Սպիտակ եւ Դիլիջան քաղաքների կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման ծրագրերի իրագործելիության ուսումնասիրություններ: ՎԶԵԲ-ը նույնպես նմանատիպ աշխատանքներ է իրականացրել Հրազդանի եւ Սեւանի տարածաշրջանների համար: Քննարկվեցին ծրագրերի իրականացման հեռանկարներին եւ մոդելներին առնչվող հարցեր:

«Աղբահանության խնդիրը մեզ համար օրակարգային հարց է դառնում՝ ոչ միայն բնակչության կենցաղի բարելավման, այլեւ զբոսաշրջության զարգացման, մեր երկրի ներդրումային գրավչության տեսակետից»,-ընդգծեց փոխվարչապետը:

Նա առաջարկեց կատարված ուսումնասիրությունների եւ ծրագրերի ֆինանսական գնահատականների ամբողջական փաթեթը ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ մասնագիտական եզրակացություններ ստանալու համար: Փոխվարչապետը նշեց նաեւ, որ հարցը կքննարկվի կառավարությունում՝ հստակեցնելու համար ծրագրերի հնարավոր իրականացմանը պետության մասնակցության հարցը:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին 




Լրահոս