Երևանի Նաիրի Զարյան 17/Ա հասցեում գտնվող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի շուրջ դատական գործընթացը մոտենում է վճռորոշ հանգրվանին։ Նոյեմբերի 26-ին Վերաքննիչ վարչական դատարանը կհրապարակի դատական ակտը, որով պարզ կդառնա՝ ուժի մեջ կմնա արդյոք առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այն է՝ անվավեր ճանաչել Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Արցախի պաշտոնյաներին մոտ կանգնած ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախի քաղաքական գործիչները մտահոգված են սպասվող որոշման հնարավոր հետևանքներով։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք համոզված են, որ դատարանը կբավարարի դատախազության պահանջը։ Ավելին՝ ըստ մեր աղբյուրների՝ Արցախի ներկայացուցիչներն արդեն դիմել են մի քանի գործարարի՝ նոր տարածք ձեռք բերելու հարցով, որպեսզի կարողանան անխոչընդոտ իրականացնել իրենց գործունեությունը։
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ շենքը ծառայում է ոչ միայն Արցախի պաշտոնյաներին, այլև ողջ արցախահայությանը։ «Այն արցախցիների հավաքատեղին է»,- այսպես են արցախցիները բնութագրում շենքը՝ 2023 թվականից հետո Արցախի բռնի հայաթափումից հետո։
Բացի այդ՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, շենքը ծառայում է նաև Արցախի մշակութային ՀԿ-ների համար, որոնք իրենց փորձերը, դասընթացներն իրականացնում են շենքի ներսում։
Հիշեցնենք, որ դեռևս 1997 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ՝ շենքն անհատույց փոխանցվել է Արցախի Հանրապետությանը։ Դրա սեփականության իրավունքը հետագայում պետական գրանցում է ստացել։
Սակայն 2025 թվականի հուլիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Դատախազության փաստարկներից մեկն այն է, որ շենքի անհատույց փոխանցման վերաբերյալ առանձին նվիրատվության պայմանագիր չի կնքվել։
2026 թվականի մայիսի 26-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Այդ որոշումը Արցախի շահերը ներկայացնող փաստաբան Ռոման Երիցյանը բնութագրել է որպես անհիմն և հայտարարել, որ այն բողոքարկելու է վերադաս ատյանում։ Ռոման Երիցյանը պնդել է, որ 1997 թվականի կառավարության որոշումն ինքնին իրավական հիմք է հանդիսացել շենքը Արցախին փոխանցելու և սեփականության իրավունքը գրանցելու համար։ Նրա գնահատմամբ՝ դատական գործընթացում պատշաճ ուշադրություն չի դարձվել նաև այն հանգամանքին, որ Արցախի Հանրապետությունը՝ որպես գրանցված սեփականատեր, չի ներգրավվել գործով որպես երրորդ անձ։
Երիցյանը նաև բազմիցս հրապարակայնորեն քննադատել է դատական գործընթացի տևողությունն ու արագությունը։ Նրա խոսքով՝ Վերաքննիչ վարչական դատարանը բողոքը որոշել է քննել գրավոր ընթացակարգով և դատական ակտի հրապարակման օր նշանակել նոյեմբերին, մինչդեռ այլ գործերով նմանատիպ որոշումների հրապարակումը կարող է նշանակվել տարիներ անց։ Փաստաբանը հայտնել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է վերաքննիչ դատարան՝ գործի քննությունն արագացնելու խնդրանքով։
Արցախցի փաստաբանը նաև բազմիցս շեշտել է, որ հարցը միայն անշարժ գույքի սեփականության մասին չէ, այլև Արցախի ինստիտուցիոնալ ներկայության պահպանման։
Իհարկե, հնարավոր է նաև վերաքննիչ դատարանը չբավարարի ներկայացված բողոքը։ Այդ պարագայում՝ առաջին ատյանի որոշումը կմնա ուժի մեջ, և Արցախի շահերը ներկայացնող կողմը ստիպված կլինի դիտարկել հետագա դատական պաշտպանության հնարավորությունները։
Սակայն այս սցենարն Արցախի քաղաքական գործիչները քիչ հավանական են համարում, ինչից ելնելով էլ նրանք պատրաստվում են արդեն ներկայացուցչության շենքը կորցնելու սցենարին։
























































































