ArmLur.am-ի տեղեկություններով` Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 57 մանկապարտեզի շուրջ սկանդալը նոր զարգացումներ է ստացել։ Մանկապարտեզի երկարամյա տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը, որը տարիներ շարունակ ղեկավարել է հաստատությունը, աշխատանքից ազատվել է, սակայն դատական պայքարի արդյունքում հաղթել է երեք ատյաններում և վերականգնվել պաշտոնում։
Հովհաննիսյանը մանկապարտեզը ղեկավարել է 2011 թվականից։ 2024 թվականի հոկտեմբերից, նրա պնդմամբ, իր նկատմամբ ճնշումներ են սկսվել։ Տնօրենը հրապարակայնորեն բարձրաձայնել է մանկապարտեզում տեղի ունեցող խնդիրները, այդ թվում՝ ուղիղ եթերների միջոցով։ Դրանից հետո նրա նկատմամբ կիրառվել են չորս կարգապահական տույժեր, որոնք հետագայում դատարանը ճանաչել է անվավեր։
Հակամարտության կենտրոնում հայտնվել էր նաև Ավանի վարչական շրջանի այն ժամանակվա ղեկավարի տեղակալ, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։
Հովհաննիսյանի պնդմամբ՝ Ազարյանը մանկապարտեզի աշխատակիցների հետ ժողով էր հրավիրել և երկու աշխատակցի հանձնարարել իրենից անկախ գործել ու անմիջականորեն զեկուցել վարչական շրջանին։ Ազարյանը, սակայն, հերքել էր տնօրենի թիրախավորման մասին պնդումները՝ իրավիճակը կապելով աշխատակիցների դժգոհությունների հետ։
Դատական գործընթացից հետո Մարգարիտա Հովհաննիսյանը հասել է իր վերականգնմանը։ 2026 թվականի հուլիսին հրապարակված տեղեկության համաձայն՝ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նրա նկատմամբ կիրառված բոլոր չորս կարգապահական տույժերը, վերականգնել տնօրենի պաշտոնում և որոշել հատուցում վճարել հարկադիր պարապուրդի համար։
Սակայն դատարանում հաղթանակը դեռ չի նշանակում, որ պատմությունն ավարտվել է։ Տնօրենի պնդմամբ՝ աշխատանքի վերադառնալուց հետո իրեն չեն տրամադրել նախկին աշխատասենյակը, փաստաթղթերն ու կնիքը, իսկ աշխատակիցներին հրահանգվել է չհնազանդվել իրեն։
Հոկտեմբերի վերջին Հովհաննիսյանը նաև ձայնագրություն է հրապարակել և հաղորդում ներկայացրել իրավապահներին՝ պնդելով, որ իր վերադարձից առաջ աշխատակիցներին հրահանգավորել են մեկուսացնել իրեն և պայմաններ ստեղծել աշխատանքից հեռանալու համար։
Հովհաննիսյանը վերադարձել էր աշխատանքի, սակայն նրան կրկին նկատողություն են տվել «լայվ» մտնելու համար ու ազատել աշխատանքից: Հովհաննիսյանը հայտարարել է, որ կրկին պայքարելու է, դատարան է դիմելու:
Սոնա Գրիգորյան
























































































