ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` կառավարության շենքի դիմաց բողոքի հերթական ակցիայի ժամանակ, ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, եւ նա ընկավ գետնին:
Չնայած առավոտյան տեղացող ուժեղ ձյանը, բողոքի ակցիայի մասնակիցները ցուցանակներով ու պաստառներով կանգնած էին կառավարության շենքի դիմաց` ակնկալելով այս անգամ գոնե ստանալ իրենց խնդրի լուծումը: Ակցիային միացել էին նաեւ նախկին օդաչուները, որոնք կառավարությունից փոխհատուցում են պահանջում:
69-ամյա Վանիկ Մայիլյանը մեկն է նախկին օդաչուներից. նա երկրորդ կարգի հաշմանդամ է: Ընդ որում, հաշմանդամությունը ձեռք է բերել աշխատանքի ընթացքում: Այսօր երկրորդ կարգի հաշմանդամը ստիպված է իր իրավունքների համար պայքարել` պահանջելով օրենքով նախատեսված փոխհատուցումը: Մի խումբ ցուցարարների հետ Վանիկ Մայիլյանն ու իր ընկերները երեկ կառավարության շենքի մոտ մասնակցում էին արդեն ավանդական դարձած ամենշաբաթյա բողոքի ակցիային: «Աշխատանքի վերջին տարիներին ընկել եմ, ստացել գլխի վնասվածք եւ միայն հրաշքով ողջ մնացել: Այսօր պետության տված կոպեկներով ոչ թե ապրում, այլ գոյատեւում ենք, այն դեպքում, երբ մեզ օրենքով գումար է հասնում»,-ասում է Վանիկը:
Նախկին օդաչուներ Սեյրան Սարգսյանը, Ռազմիկ Խաչատրյանը եւ այլք դիմել են տարբեր ատյաններ, նաեւ` բոլոր ատյանների դատարան, վերջում ստիպված` Եվրադատարան, բայց ոչ մի դրական արձագանք չեն ստացել: ԵԴ-ից էլ իրենց դիմումը հետ են ուղարկել` առանց որեւէ պատասխանի:
Նրանց խնդրին ականջալուր լինել չցանկացան ո՛չ կառավարության անդամները, ո՛չ  էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով իր հաստավիզ թիկնապահի հետ, իրեն դիմած մարդկանց կողքով արհամարհական անցնելով, մտավ շենք:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս