Քաղաքական գործիչները՝ Արամ MP3-ի հնարավորությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի կունենա «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի եզրափակիչը:

7-րդ համարի ներքո ելույթ կունենա Հայաստանի մասնակից Արամ  MP3-ն՝ իր «Not Alone» երգով: Բուքմեյքերներն ու տարբեր մասնագետներ շատ բարձր են գնահատում մեր մասնակցի՝ առաջատար հորիզոնականներում հայտնվելու հավանականությունը: Նման կարծիք ունեն նաև քաղաքական գործիչներից շատերը:

Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզանա Մուրադյանը armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն շատ է դուր եկել մեր մասնակցի ելույթը:

«Ես կարող եմ ասել, որ մեր մասնակցի ելույթը լավն էր: Ճիշտ է, սկզբում հուզմունք կար, սակայն դա հաղթահարվեց և շատ փայլուն հանդես եկավ: Հուսով եմ, որ եզրափակչում Արամն էլ ավելի կդրսևորի իր տաղանդավոր լինելը», – նշեց նա:

Անդրադառնալով մրցույթին ներկայացվող «Not Alone» երգին՝ պատգամավորը նշեց, որ սկզբնական շրջանում երգն այնքան էլ չհասկացվեց ու ճիշտ չընկալվեց հանրության կողմից:

«Երգը հետաքրքիր է իր կառուցվածքով և այն տարբերվում է մյուս երգերից. ունի իր ոճն ու ասելիքը», – ընդգծեց նա:

Տիկին Մուրադյանին, բացի Հայաստանի մասնակցի ելույթից, դուր են եկել նաև Գերմանիայի և Ռուսաստանի մասնակիցների ելույթները: Նրա խոսքով՝ չնայած որ մրցույթը քաղաքական է, հույսեր ունի, որ մեր մասնակիցը տեղ կգրավի լավագույն հնգյակում:

Մրցույթի մասին կարծիք արտահայտեց նաև նույն խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա նշեց, թե լինելով երաժիշտ՝  «Եվրատեսիլ»  երգի մրցույթի մեծ երկրպագուն չէ, և այս անգամ հետևել է միայն Արամ  MP3-ի ելույթը դիտելու համար:

«Եվրատեսիլ»- քաղաքական նրբերանքներ է պարունակում: Բայց կարող եմ ասել, որ Արամը հաջող հանդես եկավ:

Կարծում եմ, որ բոլոր հայերը ցանկանում են մեր մասնակցի հաղթանակը: «Եվրատեսիլը» մրցույթ է, որն անակնկալներով է լի, և երբեք չես կարող ասել, թե որ մասնակիցը կարող է հաղթել», – նշեց նա, հավելելով, թե մեր մասնակիցը կարող է գրավել առաջատար հորիզոնականներ և, բնականաբար, այդպիսի ցանկությունը մեծ է:




Լրահոս