Ջերմուկի քաղաքապետի թեկնածուն՝ հաղթելու շանսերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 8-ին Ջերմուկ քաղաքում կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Թեկնածուներն այս պահին երեքն են՝ գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, «Հայջրնախագիծ  ինստիտուտ» ՓԲԸ ավագ տեխ. հսկիչ Ազատ Հովակիմյանը և «Ջերմուկշին» ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանը: 

Կորյուն Ստեփանյանը armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտրություններին մասնակցելու որոշումն ինքնուրույն է կայացրել:

«Հաղթելու շանսերի մասին չեմ կարող ասել` ժողովրդից է կախված:  Ժողովուրդը պետք է իր ընտրությունը կատարի», – ասաց թեկնածուն, հավելելով, որ արդեն տեղյակ է, թե ովքեր են իր մրցակիցները: Մեր զրուցակիցը հայտարարեց նաև, որ ամեն ինչ պարզ կլինի հենց ընտրության օրը:

Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ արդար ընտրությունների է սպասում, և գործող քաղաքապետի կողմից հնարավոր կեղծիքների կամ ճնշումների մասին խոսելը ճիշտ չէ:

Կորյուն Ստեփանյանն արդեն ծրագրել է այն խնդիրները, որոնք պետք է լուծի ընտրվելու դեպքում. «Աղբահանություն, մաքրություն, կանաչապատում, իսկ ամենակարևորը, աշխատատեղեր ստեղծելը, որ արտագաղթը կանխվի: Տարիներ շարունակ երբեք Ջերմուկից արտագաղթ չի եղել, խոպան էլ չեն գնացել, իսկ հիմա մեծ քանակությամբ Ջերմուկից գնում են: Պետք է իմ նպաստը բերեմ՝  իմ երկրին օգտակար լինելու համար», – ընդծեց նա:




Լրահոս