Գյուղն ու գյուղատնտեսությունը` կառավարության ծրագրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նոր ծրագրում մեծ տեղ է հատկացված գյուղի և գյուղատնտեսության խնդիրներին: Կառավարությունը ցանկանում է բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը` զուգահեռաբար ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ, այն գիտակցումով, որ չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն` առանց հարմարավետ գյուղի:

Այսպիսի ծրագրեր առկա էին նաև Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրում: Նախորդ ծրագիրը նախատեսում էր  գյուղերում աղքատության նվազում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում: Սակայն եղավ ճիշտ հակառակը` գյուղերում աղքատությունն աճեց, իսկ ծառայությունների որակն էլ` ընկավ:

Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրն էլ իր գերակա ծրագրերից է համարում գյուղում կյանքի որակի բարձրացումը, որի նպատակով ևս այս Կառավարությունը նախաձեռնում է կատարել գյուղական աղքատության կրճատում, մատուցվող պետական ծառայությունների որակի կտրուկ բարձրացում, գյուղական համայնքների կարողությունների զարգացում, որը հնարավորություն կտա հնարավորինս հասանելի դարձնել խմելու ջուրը, գազը, էլեկտրաէներգիան, հեռախոսակապը, համացանցը, բժշկական ծառայությունները, գյուղական ճանապարհների ու տրանսպորտային ժամանակակից ցանցերի  բարելավում:

Միջոցառումների այս համախումբը, ըստ Կառավարության ծրագրի, նպաստելու է նաև Հայաստանի Հանրա­պետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Իրոք որ` այս խնդիրներն առաջնահերթ լուծում են պահանջում, սակայն մեր իշխանությունները սովոր են, որ այն ինչ գրվում է` այդպես էլ մնում է թղթի վրա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս