Հայաստանի Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը գաղափարախոսական էր, ֆունդամենտալ և մեկ փաթեթի մեջ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Այդ ելույթում խոսվեց թե՛ սահմանադրական բարեփոխումների, թե՛ երկբևեռ քաղաքական համակարգի անցման, թե՛ իշխանություն- ընդդիմություն, թե՛ կուսակցության ներկուսակցական խնդիրների, թե՛ քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարման մասին, և նրանք, ովքեր հպանցիկ են ծանոթացել, չեն գիտակցի ելույթի խորությունը»,- նշեց նա:
Շարմազանովի խոսքով` նախագահ Ս. Սարգսյանի ելույթը ժամանակի պահանջից ելնելով է արված և ոչ միայն այսօրվան էր վերաբերում, այլև նախանշում էր ապագա քաղաքական զարգացումները:
«Կուսակցության առաջնորդը կարևորեց կուսակցության դերակատարումը հասարակական-քաղաքական կյանքում և արձանագրեց, որ Մելիք Ադամյան 2-ում գտնվող քաղաքական կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, շարունակում է մնալ ՀՀ ամենաազդեցիկ քաղաքական ուժը, ՀՀԿ-ն է ՀՀ-ում բոլոր բարեփոխումների հիմնական պատասխանատուն, ուստի որպեսզի այդ բարեփոխումները լինեն ավելի արդյունավետ, և հասարակ քաղաքացին իր վրա զգա դրանք, պետք է Մելիք Ադամյանից մինչև Մեղրի մեր բոլոր գրասենյակներն աշխատեն օրնիբուն»,- նշեց Շարմազանովը:
Շարմազանովը նախագահի ելույթից մի շեշտադրում եւս առանձնացրեց. «Նախագահն իր ելույթում նշեց, որ մենք անցում ենք կատարելու և աստիճանաբար գնում ենք երկբևեռ քաղաքական համակարգի, դա այն է, որ լուրջ դերակատարում պետք է ունենա և՛
իշխանությունը, և՛ ընդդիմությունը»,- ասաց նա: