Արտաքին Գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը դրական է վերաբերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին՝ ուղղված Թուրքիայի նախագահին:
«Գործընթացի զարգացում է: Ես շատ դրական եմ վերաբերվում: Սպասում ենք պատասխանի»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշեց փոխարտգործնախարարը: Այդ համատեքստում Դավութօղլուի վերջին հայտարարության հետ կապված փոխնախարարը նկատեց.
«Թող իր խղճին մնա այդ հայտարարությունը: Խոսքը գնում է գործընթացի մասին, որ հայկական կողմը նախաձեռնել է՝ հրավեր տալով», – ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում` Թուրքիայի նախագահին հրավիրել էր Հայաստան: Նա, մասնավորապես, նշել էր․ «Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»: