Հունիսի 8-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրությունները:
Բնականաբար, այս ընտրություններն առաջին հերթին հետաքրքրություն ներկայացրին այն հանգամանքով, որ 2000-ից քաղաքի ղեկավար Նելսոն Ոսկանյանը չներկայացրեց իր թեկնածությունն ընտրություններում:
14 տարի Գորիսը ղեկավարողին հաճախ էին ասում, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «ստվերն» է, ով առանց Լիսկայի ոչ մի քայլ չի անում: Շատերն այդ ժամանակ ասում էին, թե քաղաքապետը հենց Սուրիկ Խաչատրյանն է, իսկ Ոսկանյանը պարզապես զբաղեցնում է քաղաքապետի աշխատասենյակը:
Եվ դա իրավամբ կարելի է իրողություն համարել, քանի որ մի քանի ընտրություն անընդմեջ նախկին մարզպետն ամեն ինչ արեց, որպեսզի ընտրվեր հենց իր թեկնածուն` Նելսոն Ոսկանյանը: Նույնը նաև սպասվում է այս ընտրություններին, երբ կընտրվի հենց Լիսկայի հովանավորյալը:
Գորիսում Ստեփանյանը մի քանի սեփականություն ունի և նույնիսկ պետական մեքենաները սեփականի տեղ էր օգտագործում: Հայտնի է մի դեպք, երբ քաղաքապետի որդին վրաերթի էր ենթարկվել` վարելով հենց քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենան: Այստեղ հետաքրքիրն այն է, որ հենց Ոսկանյանն է արդարացրել կատարվածը` ասելով, թե ինքն էր որդուն հանձնարարել վարել համայնքային սեփականություն համարվող մեքենան:
Նրա կենսագրական տվյալներն այնքան էլ առատ չեն, կարծես թե, այդքան բարձր պաշտոններ չի զբաղեցրել, եթե չհաշվենք, որ 14 տարի քաղաքապետ է եղել:
1977թ. ավարտել է Երևանի պետական գյուղատնտեսական ինստիտուտի «Հիդրոմելորացիա» ֆակուլտետը և ստացել հիդրոտեխնիկ-ճարտարագետի որակավորում:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1977-1979թթ. Որոտանի ոռոգման և ջրարբիացման համակարգերի վարչությունում` որպես ավագ ճարտարագետ,
1994-2000թթ. եղել է Գորիսի ճանապարհների շինարարության և շահագործման պետական բաժնետիրական ընկերության տնօրեն:
1996-ին և 1999-ին ընտրվել է Գորիսի համայնքի ավագանու անդամ:
2000-ին ընտրվել էր համայնքի ղեկավար: Ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ սահմանների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը: Այս տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ պետական պարգևների և մրցանակների, մասնավորապես, 2006-ին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կողմից պարգևատրվել է ոսկի մեդալով` որպես քաղաքային համայնքի լավագույն ղեկավար: 2000-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
Նելսոն Ոսկանյանն ամենաերկարակյաց քաղաքապետերից մեկն է, ով փոխարինել է Սուրիկ Խաչատրյանին և դարձել նրա «մարդը» Գորիսում: Գորիսն իսկապես այժմ համարվում է հենց Խաչատրյանի սեփականությունը, որտեղ մարդիկ ապրում են վախի մթնոլորտում, իսկ քաղաքն էլ իրավամբ կրիմինալ քաղաք է դարձել:
Նաիրա Հովհաննիսյան