ՆԻԿՈՅԱՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԿՌԻՎ ԷՐ ԸՆԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ամանորյա տոներին մեծ «պատերազմ» է տեղի ունեցել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում, որի ժամանակ անգամ կրակոցներ են հնչել: Կռվի մասնակիցները եղել են Քարաբերդ եւ Սառնաղբյուր գյուղերից: Նրանցից մի քանիսը հայտնվել են ոստիկանության բաժնում, սակայն վերջում այդ ամենին խառնվել է Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եւ ոստիկանությունից ազատել իր հարազատներին:
Ներկայացնենք, թե ինչպես է ծագել կռիվը, եւ ովքեր են եղել այդ ամենի հեղինակները: Ավանդույթ կա, որ ամանորին բոլորն այցելում են իրենց բարեկամներին` շնորհավորելու: Եւ այսպես,  Սառնաղբյուրի բնակիչ մի երիտասարդ, ում կինը Քարաբերդից է եղել, Ամանորին գնացել է Քարաբերդ` աղջկա ծնողներին շնորհավորելու: Երիտասարդն իր աներոջը շնորհավորելուց, ուտել-խմելուց հետո դուրս է եկել եւ զրույցի բռնվել Քարաբերդ գյուղում հավաքված մի խումբ երիտասարդների հետ: Զրույցը, սակայն, վերածվել է վեճի, ապա սկսել են իրար քաշքշել ու  ծեծել: Որոշ ժամանակ հետո, ըստ գյուղացիների, այդ կռվին է միացել Քարաբերդի գյուղապետ Մհեր Բուլոյանը եւ փոխանակ  կրքերը հանդարտեցնելու,  ավելի է «ոգեւորել» երիտասարդներին, անգամ հրահրել է, որպեսզի սառնաղբյուրցի երիտասարդին էլ ավելի «եռանդով» ծեծեն:
Կռվին ներկա գտնվողները «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ եթե գյուղապետը «տոն չտար», երիտասարդները «կցրվեին» եւ չէին շարունակի իրենց կռիվը: Սակայն երբ նրանց է միացել Բուլոյանը եւ բարձրաձայնել, որ սառնաղբյուրցի երիտասարդին պետք է ծեծել, կռվի մասնակիցները` գյուղի «ոսկե» երիտասարդությունը,  ոգեւորվելով գյուղապետի տված «դուխից», սկսել են հայհոյել, գոռգոռալ եւ «սատկացնել» երիտասարդին, ինչպես որ հրամայել է գյուղապետը:
Սառնաղբյուրի բնակիչն էլ, հասկանալով, որ միայնակ ոչ մի բանի չի կարող հասնել,  մի կերպ զանգահարել է իր համագյուղացի ընկերներին, բարեկամներին եւ ասել, որ իրեն սպանում են` «հասե՛ք-փրկե՛ք»: Ներկա գտնվողները նշեցին, որ որոշ ժամանակ հետո տարբեր մակնիշի ավտոմեքենաներով Քարաբերդ են եկել մի խումբ սառնաղբյուրցիներ` պարզելու, թե ովքեր են համարձակվել իրենց համագյուղացուն ծեծել:
Իսկ գյուղապետն էլ ամբողջ գյուղին է ոտքի հանել, եւ սկսվել է «կռիվ առանց կանոնների»` մեքենաները միմյանց վրա են քշել, հայհոյել եւ այլն:  Ըստ մեզ հասած տեղեկությունների` կռվին մի ամբողջ գյուղ է մասնակցել. ամեն մեկն իր հարազատին եւ բարեկամին է «խաբար» արել, թե եկե՛ք-փրկե՛ք: Այսինքն` իսկական «Մի կաթիլ մեղր»-ի պատմություն, ուղղակի այս անգամ մարդիկ իրար վրա մեքենաներ են քշել, իսկ վերջում էլ կրակոցներ են հնչել:
Կրակոցներից հետո  գործին արդեն խառնվել է ոստիկանությունը եւ  կռվի մասնակից 8 երիտասարդների տեղափոխել բաժին: Երեւի մնացածին հաջողվել է փախչել, իսկ գյուղապետն այս ամենից «չոր» է դուրս եկել: Մեր հավաստի տեղեկություններով`  ոստիկանությունում են հայտնվել Քարաբերդի բնակիչ Վանիկ Կնյազյանը, Մարտին Ասլանյանը եւ էլի երկու երիտասարդներ: Ոստիկանության բաժին են  տեղափոխվել նաեւ Արման Հակոբյանը եւ  Սրապիոն Խաչատրյանը:
Այս ամենից սթափվելուց հետո  սառնաղբյուրցիներն  ու քարաբերդցիները սկսել են «ոտ ու ձեռ» ընկնել իրենց հարազատ-բարեկամներին ոստիկանությունից դուրս բերելու համար: Իսկ քանի որ բոլորին հայտնի է, որ ԱԺ նորանշանակ նախագահ Սամվել Նիկոյանը ծնունդով Սառնաղբյուրից է,  միանգամից զանգահարել են նրան:  Վերջինս էլ ջանք ու եռանդ չի խնայել իր հարազատներին ոստիկանությունից դուրս բերելու համար:
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ` կռվի «հերոսները» Նիկոյանի քեռու թոռներն են: Գյուղում երբ խոսում են, թե ովքեր են եղել վեճի հեղինակները, միանգամից նշում են, որ դրանք որսորդ Կարոյի տղաներն են, որոնք շատ հայտնի են իրենց կռվարարությամբ: Նրանք էլ Նիկոյանի հարազատներն են: Ըստ գյուղացիների` կրակոցների հեղինակները հենց Կարոյի երկու  որդիներն են,  որոնց անունները, սակայն, ամեն կերպ թաքցնում են:
Ինչեւիցե, գյուղի բնակիչներն այս կրակոցներից, ծեծկռտուքից տեղյակ են, սակայն վախենում են հրապարակավ խոսել զուտ այն պատճառով, որ այս ամենի հետ կապված են Նիկոյանի ազգականները: «Ժողովուրդ»-ը փորձեց դեպքի առնչությամբ  զրուցել Քարաբերդի գյուղապետ Մհեր Բուլոյանի հետ, սակայն վերջինս հավաստիացրեց, որ ինքը ներկա չի եղել այդ վեճին: «Ձեզ սխալ են ասում, ինձ հիմա հարմար չի, հետո՛ զանգեք»,-ասաց գյուղապետն ու այլեւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ այդ կռվի առնչությամբ քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 2-րդ մասով` խուլիգանություն: Նշենք նաեւ, որ ոստիկանություն բերման ենթարկված 8 երիտասարդները ստորագրությամբ բաց են թողնվել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս