Չնայած նրան, որ ժողովրդից գանձվող հարկերի շարքում է նաեւ սպասարկման վարձը, բայց քաղաքացիներից շատերը հստակ պատկերացում չունեն, թե կոնկրետ ինչու են իրենցից նման գումար պահանջում:
Գանձվող գումարի չափը կախված է տվյալ բնակարանի մակերեսից եւ բնակիչների թվից: Սովորաբար այն տատանվում է 1.000-2.000 դրամի սահմաններում: Ընդ որում, սոցիալապես անապահով ընտանիքների համար դա զգալի գումար է, եւ նրանցից շատերը չեն կարող վճարել: Մեր կողմից անցկացված հարցման արդյունքում ոչ մի քաղաքացի հստակ պատասխան չտվեց, թե կոնկրետ ինչի համար է տալիս այդ գումարը:«Դե որ մի բան շենքում փչանում ա` խողովակ փոխելա, մուտքի պատերը ներկելա, էդ գումարով ենք անում»,-հիմնականում ասում էին քաղաքացիները: Ի դեպ, Երեւան քաղաքի տարբեր թաղամասերում ամսական վարձը մուծելու մեխանիզմը տարբեր է: Եթե կան բնակիչներ, որոնք ամեն ամիս վարձը պարտաճանաչ մուծում եւ իրենց վճարած գումարի համար կտրոն են ստանում, ապա, օրինակ, Բագրատունյաց 15 շենքի բնակչուհի Զոյա Սարգսյանը, ամեն ամիս վճարելով գումարը, կտրոն չի ստանում: Փոխարենը ստորագրում է իր անվան դիմաց գումարը հավաքող աշխատակցի ցուցակում: Կան բնակիչներ, որոնք ամեն ամիս այդ գումարը տալիս են շենքի լիազորին, որն ինքն է վճարում բոլորի համար եւ բերում կտրոններ, որտեղ նշված է` «վճարված է» եւ ուրիշ ոչինչ: Թե կոնկրետ ինչն է վճարված, կամ ինչի համար է վճարված` հայտնի չէ:
Բաշինջաղյան փողոցի բնակիչներից մեկի հետ զրուցելիս էլ պարզ դարձավ, որ չնայած իրենք ամեն ամիս վճարում են այդ գումարը, բայց շենքում որեւէ բան փչանալու դեպքում հավելյալ գումար են գանձում վերանորոգման համար: Օրինակ` վերջերս խողովակը փոխելու համար մասնագետ են կանչել ու գումար վճարել ծառայության դիմաց: Կան մարդիկ, որոնք ընդհանրապես տեղյակ էլ չեն ամսական վարձի այս տեսակի մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լենինգրադյան 32 շենքի բնակչուհիներից մեկը պատասխանեց. «Եսիմ որ թվից չեմ մուծել, երբ հարմար է լինում, այդ ժամանակ էլ վճարում եմ»: Մեկ այլ բնակչուհի էլ հավելեց, որ նման վարձ մուծում են միայն էլիտար շենքի բնակիչները:
Այս դեպում հարց է առաջանում, եթե ամսական վճարվող վարձի այս տեսակը նույնն է, ինչ գազի, լույսի, ջրի վարձը, այսինքն` օրենքով հաստատված ամսական վարձի տեսակ է, ապա ինչո՞ւ են որոշ քաղաքացիներ կտրոն ստանում դրա դիմաց, ոմանք ուղղակի ստորագրում ցուցակի մեջ, ոմանք էլ վճարում, երբ հարմար է:
ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ