Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր իր ելույթում ներկայացրել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի սկանդալների հիթ շքերթը: Ի հավելումն այդ շքերթի` ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հիշեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ևս մեկ «սխրանք»:
««Սխրանքը» «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով հատկացված 16,6 մլն դոլարն էր, որն ուղղված էր գյուղացիական տնտեսությունների աջակցությանը: Այս ծրագրի շրջանակներում Տիգրան Սարգսյանի դասախոսությունը վերաբերում էր նրան, թե ինչպես ցանել կարտոֆիլն ու ինչպես կթել կովերին: Արդյունքում գյուղացիների համար հնչեցված այս լոլոների համար «Հազարամյակի մարտահրավերներն» անմիջապես դադարեցրեց ծրագրի իրականացումը», – նշեց նա:
Զոհրաբյանի տպավորություններով` իրենք և կառավարությունն ապրում են տարբեր երկրներում. «Հիշեցի հայտնի անեկդոտը` բա որ դուք այդքան սուրբ եք, եկեղեցու խաչն ո՞վ գողացավ»:
Զոհրաբյանի խոսքով, եթե այդպես ամեն ինչ լավ է իրականացվել, ապա ինչո՞ւ են պակասել ներդրումները: Նրա փաստարկներով, մարդիկ սրընթաց լքում են երկիրը:
«Փող չունենալու արդյունքում անգամ ոտքով են լքում երկիրը: Երբ պիտի իշխանությունը ունենա համարձակություն ու ասի, թե ինչի համար է ձախողել: Տիգրան Սարգսյանի կառավարությունը 6 տարի տնտեսական հանիբալիզմով է զբաղվել. տնտեսությունն ինքն իրեն ներսից կերել է: Իրականում չի՛ եղել որևէ աճ, որևէ ոլորտում որևէ առաջընթաց չի՛ եղել. տնտեսությունն ինքն իրեն ներսից կերել է։ Բնականաբար, ԲՀԿ–ն դեմ է քվեարկելու տնտեսական հանիբալիզմի նախահայր կառավարության ծրագրի հաշվետվությանը», – եզրափակեց նա։