Մի քանի օր շարունակ Գյումրու տարբեր դպրոցների բազմաթիվ ուսուցիչներ ահազանգում են այն մասին, որ աշխատավարձերը կա՛մ կիսով չափ են ստացել, կա՛մ չեն ստացել: Թե ինչով են պայմանավորված մանկավարժների աշխատավարձերի հետ կապված խնդիրները, փորձեցինք պարզել Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանից: Վերջինս նշեց, որ պարտքերի խնդիր չկա, եւ որ սովորաբար ամեն տարի հունվար ամսվա աշխատավարձը վճարում են փետրվարին. «Ուսուցիչներն աշխատանքի են գնում հունվարի 10-ից, եւ ֆինանսավորման խնդիրները լուծվում են փետրվարին: Չկա նման բան, որ դեկտեմբերի աշխատավարձը ստացած չլինեն: Պետությունը ոչ մի դպրոցի հանդեպ ֆինանսական պարտավորություն չունի»:
Հայտնի է, սակայն, որ օրինակ` թիվ 23 դպրոցը դեռեւս պարտքեր ունի: «Դեկտեմբեր ամսվա աշխատավարձը չի վճարվել, որովհետեւ ուսումնական հաստատությունը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել,-նշեց դպրոցի տնօրեն Արփինե Արաքչյանը,-դեկտեմբերինն արդեն վճարելու ենք, բայց հունվարի աշխատավարձը կվճարենք մինչեւ մարտի տասը»: Նա նաեւ չհերքեց, որ մանկավարժի աշխատավարձը նվազել է` դա բացատրելով աշակերտների թվով ֆինանսավորմամբ եւ դրույքի պակասեցմամբ: Արփինե Արաքչյանը փոխանցեց, որ դա համընդհանուր խնդիր է բոլոր դպրոցների համար: «Տարրական, միջին եւ ավագ դպրոցների դրույքները փոփոխության ենթարկվեցին: Տարրականը 86.000 է, իսկ ավագը՝ 116.000: Կոպիտ ասած` մեր հաշվին ավագ դպրոցները շահող դուրս եկան: Որպեսզի տնօրենները խուսափեն կրճատումներից կամ պարտքերից, պետք է կարողանան ֆինանսական խնդիրները հարթել այդ եղանակով»,-նշեց տնօրենը:
Հիշեցնենք, որ դեռեւս 2009 թվականին պաշտոնապես հայտարարվեց, որ մանկավարժի աշխատավարձի միջին չափը կազմում է 116 հազար դրամ: Սա երկրի բարձրաստիճան այրերի հաշվարկներով այն գումարն էր, որը հնարավորություն էր տալու մանկավարժին ապրելու բարվոք պայմաններում: Սակայն երկու տարվա ընթացքում, պարենային շուկայում արձանագրված գնաճին հակառակ, մանկավարժի աշխատավարձը Հայաստանում չի բարձրացել, ճիշտ հակառակը, ուսուցիչը հիմա ավելի քիչ է ստանում: «7-8 հազարի տարբերություն է: Այդքան նվազել է: Ղարիբջանյանի դպրոցն ավարտում է 15 աշակերտ, բայց ընդունվում` 7: Բնականաբար այդ տարբերությունը կլիներ: Մեր միջին աշխատավարձը, եթե չեմ սխալվում, 73.000 է»,-ասում է Ղարիբջանյան համայնքի դպրոցի ուսուցչուհի Գրետա Հարությունյանը: Պարզ ասած, հիմնականում աշակերտների թվի պակասը դպրոցներում հանգեցնում է մանկավարժի աշխատավարձերի նվազեցմանը: Արտագաղթն էական ազդեցություն է թողնում հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ առաջին դասարանցիների թիվը հազիվ հասնում է տասի:
Գյումրի