ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ նիստում իսկական խառնաշփոթ սկսվեց, երբ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը պատգամավորներին կոչ արեց պատրաստվել քվեարկության: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բացակայությունը զգացվում էր, քանի որ պատգամավորները չէին «ենթարկվում» Հ. Նաղդալյանին: Չնայած վերջինս, «չկորցնելով» իրեն, հրահանգում էր անջատել ԱԺ ընդդիմադիր պատգամավորների խոսափողները, երբ նրանք փորձում էին իրենց տեսակետը հայտնել:

Նախ ընդունվեց «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, ըստ որի՝ 2014թ. հունվարից բարձրանալու են կենսաթոշակները: Օրենքի ընդունման ժամանակ վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրելով՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չնայած բազմաթիվ վերապահումներին՝ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու այս նախագծին, որպեսզի 10 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցողների թոշակը բարձրանա: Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց նաեւ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, սակայն նրա խոսքը կիսատ մնաց, քանի որ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը որոշեց, որ Փաշինյանը ոչ թե դիրքորոշում էր արտահայտում քվեարկության դրված հարցի վերաբերյալ, այլ բովանդակային քննարկում անում:
Դահլիճից փորձեցին Հ. Նաղդալյանին «բացատրել», որ դա ճիշտ չէ: ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանն ու Զարուհի Փոստանջյանը հայտարարեցին, որ պատգամավորներն իրավունք ունեն իրենց դիրքորոշումը հայտնել: Զ. Փոստանջյանը ոտքի կանգնեց ու Հ. Նաղդալյանին մեղադրեց պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ, ինչին Նաղդալյանը պատասխանեց, թե ինքը գործում է օրենքին համապատասխան: Այնուհետեւ, երբ քվեարկության պետք է դրվեր «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքը, ՀՅԴ-ն 20 րոպե ընդմիջում խնդրեց, որից հետո քվեարկությունը կայացավ, ու ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացրած՝ կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելու նախաձեռնությունը մերժվեց:
Դրանից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն առաջարկեց. «ՀՀԿ-ից մի քանի հոգու գործուղե՛ք Չիլի, թող հավաստիանան, որ այնտեղ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ չկա, թեեւ հանրապետականները համառորեն այդ մասին են հայտարարում»: Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նշեց. «Դուք խորհրդարանական վարկածը չգերադասեցիք, ուրեմն մենք այլ ճանապարհով կգնանք»:
Մինչ խորհրդարանում նման պայքար էր ընթանում, ԱԺ դարպասների առջեւ հավաքվել էին մի քանի տասնյակ մարդիկ ու պահանջում էին օրենքն ուժի մեջ չմտցնել, սակայն ապարդյուն: Քվեարկությունից հետո ԱԺ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները միացան ակցիայի մասնակիցներին ու կոչ արեցին շարունակել պայքարը:
Հ.Գ. ՀՀ օմբուդսմենի գրասենյակը եւս միացել է պայքարողներին:

տե՛ս նաեւ էջ 5

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս