ՀԱՅՏՆԻՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ են նաեւ հայ հայտնիները:
«Դեմ ենք պարտադիր կենսաթոշակայինին» քաղաքացիական շարժմանը միացել են նաեւ շոու բիզնեսի, կինոյի եւ ռադիոյի ճանաչված դեմքերը` դերասան Սոս Ջանիբեկյանը, ոճաբան եւ հաղորդավար Արմեն Գալյանը, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը, հեռուստահաղորդավարներ Լուսինե Բադալյանը եւ Ժակը: Նշենք, որ նախաձեռնության հեղինակը artfashion.am կայքն է: «Ակցիային միացել են գիտակից մարդիկ, ովքեր հասկանում են, որ չի կարելի որեւէ մեկին պարտադրել ու տնօրինել նրա ֆինանսները եւ ազատությունը` լինի ծրագրավորող, հավաքարար, թե դերասան»,-նշվում է «ԴԵՄ ԵՄ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» ֆեյսբուքյան էջում:
ՓՈԼ ՈՒՈՔԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Universal կինոընկերությունը հայտարարել է, որ Հյուսիսային Ամերիկայում «Ֆորսաժ-6» ֆիլմի սկավառակների վաճառքից ստացված տոկոսները կհատկացվեն Reach Out WorldWide բարեգործական հիմնադրամին, որը հիմնել է նոյեմբերի 30-ին ավտովթարի հետեւանքով զոհված հոլիվուդյան դերասան Փոլ Ուոքերը: 2010-ին ստեղծված Reach Out WorldWide հիմնադրամը կոչված է օգնելու բնական աղետներից տուժածներին: Հիմնադրամի թիմում կան բժիշկներ, հոգեբաններ, որոնողական խմբեր:
«Աշխարհը կորցրեց մի մարդու, ով իր կյանքն անցկացրել է մյուսներին ծառայելով: Մենք կիսում ենք նրա ընտանիքի եւ բազմաթիվ երկրպագուների վիշտը: Փոլի հիշատակին մենք կաջակցենք նրա հիմնած բարեգործական հիմնադրամին»,-ասել է Universal ընկերության ներկայացուցիչը: Ֆիլմի սկավառակները վաճառքի կհանվեն դեկտեմբերի 10-ից:
ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԲՈՍԹՈՆՈՒՄ
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը դեկտեմբերի 5-ին Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում իր ամենամյա ընդունելության ժամանակ կցուցադրի որբ հայ երեխաների գորգի «քույր» գորգը: «Նախագահ Քալվին Քուլիջն ու հայ որբերի գորգը» գրքի հեղինակ, դոկտոր Մարտին Դերանյանը կպատմի հազիրյան գորգի, որը հայտնի է «Հայ որբերի գորգ» անվամբ, ինչպես նաեւ «քույր» գորգի ու դրանց ճակատագրի մասին: Հիշեցնենք, որ ԱՄՆ Սպիտակ տանը պահվող գորգի ցուցադրությունը չեղյալ էր համարվել, հավանաբար, Թուրքիայի վատ արձագանքից խուսափելու համար: Գորգը գործել էին հայ որբ երեխաները 1920-ականներին, ու 1925-ին այն պաշտոնապես ցուցադրվել էր Բեռլինում: Գորգը պատրաստվել է Հազիր քաղաքում՝ այժմյան Լիբանանում՝ որպես երախտագիտություն ԱՄՆ-ին: