ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱ՛Մ ԵՂԵԼ Է, ՀԱ՛Մ ԴԵՂԵԼ

ՄԻՊ Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցի վերաբերյալ երեկ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա զեկույցը բաժանել է երկու մասի եւ նշել, որ դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմների եւ կաշառքի սակագների հատվածն «իրավական տեսանկյունից հիմնավորված չէ, քանի որ հրապարակման մեջ խոսքը քրեականացված արարքների մասին է` առանց կոնկրետ փաստերի եւ կոնկրետ սուբյեկտների վկայակոչման»։ Իսկ ահա զեկույցի երկրորդ` արդարադատության խորհրդի եւ վճռաբեկ դատարանի կողմից թույլ տրված խախտումներին նվիրված մասում, ըստ Զոհրաբյանի, ՄԻՊ-ը ներկայացրել է կոնկրետ փաստեր եւ կոնկրետ վերլուծություն: «Հատկանշական է, որ այս էական մասը հանրային լայն քննարկման առարկա չի դարձվում»,-նկատել է ՓՊ նախագահը։

 

 

ԿԵՐԳԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱՄԱՐ

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է իր «վեհապետական վայելքները»: Նա դեկտեմբերի 12-ին մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցել է իր «բարձր հովանու» ներքո կազմակերպված աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մեծարման երեկույթին: Այցի ընթացքում կաթողիկոսը «ձեռքի հետ» կհանդիպի Ֆրանսիայի հայոց թեմական խորհրդի եւ եկեղեցական վարչական անդամների հետ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայոց թեմում առկա են լուրջ հակասություններ` կապված Գարեգին Բ-ի «ֆավորիտների» կամայականությունների հետ:

 

 

ՈՂՋՈՒՆԵԼԻ ՈՐՈՇՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում որոշվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին հատկացված 70 մլն դրամից 10 մլն-ն ուղղել սիրիահայ ուսանողներին կրթաթոշակ տրամադրելուն:

 

 

ԽՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է արտասահմանցիներին Ռուսաստանում աշխատանքի ընդունել արտոնագրային համակարգի հիման վրա, իսկ կանոնները խախտող ներգաղթյալներին արգելել մուտք գործել Ռուսաստան 3-10 տարի ժամկետով: Նա կոչ է արել լուծել հարցն այն արտասահմանցիների հետ, որոնք պետության տարածքում են գտնվում առանց որոշակի նպատակի:

 

 

ԼՂ ՀԱՐՑԸ` ՆՈՒՅՆՊԵՍ

«Հույս ունեմ, որ առաջընթաց կգրանցվի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում, բայց այժմ ես բարելավման հեռանկարների մասին զեկուցել չեմ կարող»,-Դավութօղլուի այցից հետո Aravot.am-ին ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը ցանկացած հարթության վրա` միեւնույն ժամանակ շեշտելով, որ կարեւոր են այն առանցքային հարցերի քննարկումները, որոնք օրակարգային են երկու երկրների համար, այդ թվում եւ` ԼՂ հակամարտության հարցի քննարկումը:

 

 

ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրերով ՀՀ վարչական դատարանի դատավորներ են նշանակվել Հրաչ Այվազյանը, Արթուր Ավագյանը, Արման Դիլանյանը, Կարեն Զարիկյանը, Լիանա Հակոբյանը, Մերի Համբարձումյանը, Ալեքuանդրա Հարությունյանը, Միքայել Մելքումյանը, Գեւորգ Սոսյանը:




Լրահոս