ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՈՒՏԻՆԻ՝ ԳՅՈՒՄՐՈՒ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ շաբաթ օրը ՀՀ է ժամանում Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլին: Վերջինս հանդիպելու է նաեւ իր պաշտոնակցի` Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ թե Երեւանում, այլ Լոռու մարզում: Այնտեղ՝ «Թուֆենկյան» հյուրանոցում, ԵԱՀԿ հովանու ներքո կայանալու է Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին ներկա են գտնվելու նաեւ խորհրդարանների նախագահները:

 

 

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 11-ին Երեւանի կենտրոնում արտառոց դեպք է տեղի ունեցել: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքից մի կին ու տղամարդ բոլորի աչքի առջեւ անցորդ երեխայից գողացել են նրա թանկարժեք հեռախոսը: Ստեփանը (նրան այդպես է կանչել տիկինը) ուժգին հարվածել է երեխային: Ավելի ուշ, երբ հետաքրքրվեցինք դեպքի մանրամասներով, պարզվեց, որ այդ երեխան Երեւանի 97 հատուկ դպրոցի աշակերտ է: Իրավապահներից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ գողությանը մասնակից կնոջ անունը Լիլիթ է, որը Երեւանի Հ. Պարոնյանի անվան պետական-երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի է:

 

 

ԴԵՌ ՉԵՆ ՏՎԵԼ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին՝ 90-ամյա Վանիկ Իվանյանը, որը նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերան է, դժգոհեց՝ նշելով, որ դեռ չի ստացել իրեն հասանելիք պատվովճարը: «Քանի օր է՝ ես անընդհատ զանգահարում եմ «Հայփոստ» ՓԲԸ-ի Արշակունյաց 61 հասցեի բաժանմունք, որպեսզի տեղեկանամ, թե ինչու չկա պատվովճարը, ոչ ոք տեղյակ չէ: Զանգ եմ տվել սոցապ բաժին, նույն պատասխանը՝ չգիտենք»,-ներկայացրեց քաղաքացին՝ հայտնելով, որ պատվովճարը կազմում է 25 հազար դրամ: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մամլո խոսնակ Արամայիս Շահբեկյանի հետ, որն ասաց. «Տվյալ քաղաքացու ե՛ւ պատվովճարը, ե՛ւ թոշակը փոխանցվել է վճարային կազմակերպություններին, եւ իրենք էլ պետք է վճարեին: Փոստի հետ ունեցած մեր պայմանավորվածությամբ՝ պետք է համապատասխան վճարումները կատարվեն մինչեւ յուրաքանչյուր ամսի 20-ը, ինչից հետո փոստը պետք է մեզ հաշվետվություն տա, թե ով է ստացել, եւ ով՝ ոչ: Նրանք հնարավորություն ունեն մինչեւ ամսի 20-ը վճարել: Ամեն դեպքում, տվյալ քաղաքացին վաղը կստանա իր պատվովճարը»:




Լրահոս