ԱՄՆ-ն 47 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Գազայի հատվածի բնակիչներին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Կահիրեում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պետդեպի ղեկավարը կհանդիպի ՄԱԿ-ի ղեկավար Բան Կի Մունի հետ, ով մասնակցում է պաղեստինյան անկլավի իրավիճակի շուրջ Եգիպտոսի մայրաքաղաքում անցկացվող բանակցություններին: Հանդիպմանը մասնակցում են նաև Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին:
Սպասվում է, որ բանակցությունների կենտրոնում կլինի եգիպտոսյան նախաձեռնությունը, ըստ որի՝ կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն բոլոր ռազմական գործողությունները ցամաքում, ծովում և օդում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ռազմական օպերացիայի սկզբից, որը Գազայի հատվածում անցկացնում է Իսրայելի պաշտպանական բանակը՝ ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կառույցները վերացնելու նպատակով, իրենց տները ստիպված է եղել լքել ավելի քան 100 հազար խաղաղ բնակիչ, որոնց թվում՝ կանայք և երեխաներ: