Երբ հաշվի չեն առնում նաև հարևանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է զարմացնել իր անտեղյակությամբ ու անգործությամբ: Թեեւ մի երկրում, որտեղ իշխանությունը լեգիտիմ չէ, որտեղ պաշտոնավարում են ոչ կոմպետենտ մարդիկ եւ որտեղ պետական կառույցները ծառայում են կոնկրետ անձանց մասնավոր շահերին, նման երեւույթները նույնիսկ օրինաչափ են: Բայց միեւնույն է` դա ամենեւին էլ նորմալ չէ:

Օրեր առաջ ռուսական  «Ռեգնում» գործակալությունը տեղեկություն տարածեց, թե Վրաստանն այս տարվա սեպտեմբերից վիզային ռեժիմ է սահմանելու Հայաստանի նկատմամբ: Վկայակոչելով Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը, գործակալությունը նշել էր, թե Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր Վրաստան կայցելեն հանգստի նպատակով, կօգտվեն այժմ գործող ոչ վիզային ռեժիմից, իսկ ովքեր Վրաստան կայցելեն երկար ժամանակով` աշխատելու կամ սովորելու, նրանց համար կգործի վիզային նոր ռեժիմը: Վրաստանի ԱԳՆ պարզաբանմամբ` դա արվում է ԵՄ-ում գործող վիզային ռեժիմի ընթացակարգերին համապատասխանեցնելու ենթատեքստում:

Սակայն ՀՀ ԱԳՆ-ն նույն օրը շտապել էր հերքել այս տեղեկությունները. «Թբիլիսիում ՀՀ դեսպանության հարցմանն ի պատասխան` Վրաստանի ԱԳՆ-ից հաղորդել են, որ Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ մտցնել»,- ասված էր ԱԳՆ պարզաբանման մեջ:

Տեսա՞ր ինչ եղավ

Կարճ ժամանակ անց, սակայն, պարզվեց` որ վիզային ռեժիմի մասին տեղեկատվությունը միանգամայն համապատասխանում է իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վրաստանի ԱԳՆ-ի հյուպատոսական վարչության ղեկավար Գեորգի Տաբատաձեն հայտարարել է, որ իրենք նոր օրենք են ընդունել` «Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին՚ օրենքը, որը կարգավորում է Վրաստանի ինտեգրացիոն հարաբերություններն այլ պետությունների հետ, միանման վերաբերմունք սահմանում օտարերկրյա քաղաքացիների հանդեպ: Ըստ այդմ, այլ երկրի քաղաքացին Վրաստանում 90 օրից ավելի մնալու դեպքում պետք է վիզա ստանա: Սակայն նա նշել է, թե Վրաստանի միգրացիոն քաղաքականության կարգավորումն ուղղված չէ որեւէ պետության կամ որեւէ օտարերկրացու դեմ: ՙԴա երկարաժամկետ այցերի համար է, իսկ կարճաժամկետ այցելությունների համար կգործի նախկին ռեժիմը»,- ասել է նա:

Տեղի ունեցածը հերթական անգամ ի ցույց է դնում ՀՀ ԱԳՆ-ի ողջ պերճանքն ու թշվառությունը: Փաստորեն, ՀՀ ԱԳՆ-ն, Թբիլիսիում ՀՀ դեսպանատունը Հայաստանին վերաբերող որոշումների մասին իմանում է հարցում անելու միջոցով, այն էլ` լրատվամիջոցների հրապարակումներից հետո: Մինչդեռ, պետք է լիներ ճիշտ հակառակը` որպես անմիջական հարեւան երկիր, Վրաստանն առաջինը Հայաստանին պետք է տեղյակ պահեր իր քայլերի մասին` համապատասխան դիվանագիտական ընթացակարգով: Կամ էլ ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան խողովակներով առաջինը պետք է նախօրոք իմանար այնտեղ տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների մասին, էլ չենք ասում այն մասին, որ Վրաստանի խորհրդարանում կան հայ պատգամավորներ:

Բայց ոչ միայն դա չի արվել, այլեւ` ընդհակառակը. եթե հավատանք ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանմանը, ապա ստացվում է, որ Վրաստանի ԱԳՆ-ն Թբիլիսիում ՀՀ դեսպանության հարցմանն ի պատասխան բոլորովին այլ հավաստիացումներ է տվել, բայց հետո վիզային ռեժիմը մի փոքր այլ պայմաններով, այնուամենայնիվ, որոշել կիրառել: Սա լավագույնս ցույց է տալիս, թե ինչ հեղինակություն ունի Հայաստանը թեկուզ իր անմիջական հարեւան երկրի մոտ, եւ ինչպես են այնտեղ վերաբերվում Հայաստանին: Չի բացառվում նաեւ, որ Վրաստանի ԱԳՆ-ն ճիշտ տեղեկատվություն է հաղորդել, բայց ՀՀ ԱԳՆ-ն է որոշել թաքցնել իրականությունը: Խոստովանենք, ցանկացած դեպքում ամոթալի է:

Ճամփեզրի խաչմերուկում

Վիզային ռեժիմի հետ կապված պատմությունն ուշագրավ է նաեւ մեկ այլ առումով: Հայաստանն այդպես էլ իր տեղը չի գտնում աշխարհաքաղաքական գործընթացներում եւ գնալով մեկուսանում է: Վրաստանն ընտրել է զարգացման եվրաինտեգրացիայի ուղին եւ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո արդեն իսկ գործնական քայլեր է անում այդ ուղղությամբ: Քայլեր, որոնց հետեւանքները հետո կերեւան: Մինչդեռ Հայաստանը որոշել է գնալ հակառակ ուղղությամբ` դեպի Եվրասիական տնտեսական միություն: Միայն թե` ԵՏՄ անդամ երկրների հետ հաղորդակցության միակ ուղին անցնում է Վրաստանի միջոցով: Դեպի ԵՏՄ ուղի հանդիսացող մյուս երկու հարեւանների` Թուրքիայի ու Ադրբեջանի հետ չունենք որեւէ հարաբերություն, ընդհակառակը` նրանց հետ սահմանները բավականին պինդ են փակված:

Ու դժվար չէ կռահել, թե ինչ ապագա է սպասվում ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության դեպքում, եթե աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում Վրաստանը որոշի եվրոպական չափանիշներ կիրառել: Համենայնդեպս, ոչ մի դրական հեռանկար, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Եվրոպան ընդլայնում են իրենց պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Բայց սա արդեն խոսակցության միանգամայն այլ թեմա է:

Արման Գալոյան




Լրահոս