ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Երեւանի Վարդանանց փողոցում
Ամեն ինչ կանանց համար սովորաբար առաջարկում են մասնագիտացված խանութները, խնամքի կենտրոնները, բայց որ անհատն է առաջարկում ամեն ինչ կանանց համար, արդեն զվարճալի է: Հետաքրքիր է՝ քաղաքացի Վիկտորն այդ ի՞նչ գերբնական ուժով է օժտված, որ իրեն իրավունք է վերապահում հայտարարել, թե կարող է ամեն ինչ կանանց համար «անել»:
ՀԱՐՑ․ Կնքել ենք գյուղատնտեսական վարկի պայմանագիր, բայց վարկի մարումը կատարվել է ուշացումներով։ Դիմել ենք տարբեր բանկեր, որտեղ բացասական վարկային պատմության պատճառով հրաժարվում են մեզ հետ վարկային պայմանագիր կնքել։ Խնդրում եմ ասեք, արդյո՞ք մեզ չեն կարող նոր հնարավորություն տալ, եթե ընտանիքում կա աշխատող:
Գառնիկ Մանուկյան (52 տարեկան, հողագործ)
ՊԱՏԱՍԽԱՆ․ Տեղեկացնում ենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր եւ վարկատուն (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն) ինքն է ազատորեն որոշում ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ՝ ոչ: Այսինքն՝ վարկատուն, գնահատելով Ձեր վարկունակությունը՝ վարկը մարելու ունակությունը, ինքն է որոշում Ձեզ հետ կնքել վարկային պայմանագիր, թե ոչ: Իսկ Ձեր կողմից մատնանշված հանգամանքների վերաբերյալ կարող ենք նշել, որ դրանք հանդիսանում են լրացուցիչ չափանիշներ Ձեր վարկունակությունը գնահատելու հարցում:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Եթե քաղաքացին դիմել է տարբեր բանկերի՝ նոր վարկ ձեռք բերելու համար եւ մերժում է ստացել, ապա ստացվում է, որ բանկերը նրա վարկունակությունը գնահատում են ցածր, հետեւաբար գումար տրամադրելու հավանականությունն էլ քիչ է։ Այս իրավիճակում միակ ելքը, թերեւս, ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գտնելն է, ինչն էականորեն կբարձրացնի մեզ դիմած քաղաքացու վճարունակությունը:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ ժամկետային զինծառայողները, ուսանողները եւ դեկրետային արձակուրդի մեջ գտնվողներն արդյոք մասնակցելո՞ւ են կուտակային բաղադրիչին:
Մարգարիտա Հայրապետյան (32 տարեկան, թարգմանչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ․ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակից են հանդիսանում վարձու աշխատողները, նոտարները եւ անհատ ձեռնարկատերերը։ Կենսաթոշակային այս բաղադրիչի առանձնահատկություններից մեկն այն է, որ անհատական կենսաթոշակային հատկացումները կատարվում են մասնակցի բազային եկամտից։ Սա նշանակում է, որ կյանքի բոլոր այն ժամանակահատվածներում, երբ մասնակիցը չի ստանում բազային եկամուտ, չի կատարում նաեւ պարտադիր կուտակային վճարներ։ Մասնակցի կյանքում այդպիսի ժամանակահատվածներ են գործազրկության, ուսումնառության, պարտադիր զինվորական ծառայության, երեխայի՝ մինչեւ 3 տարեկան դառնալը, խնամքի հետ կապված արձակուրդի եւ այլ ժամանակահատվածները։
Եթե պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման պահին 1974թ․ հուվարի 1-ին եւ դրանից հետո ծնված քաղաքացին համարվում է գործազուրկ, ուսանող է, գտնվում է պարտադիր ժամկետային զինծառայության, երեխայի՝ մինչեւ 3 տարեկան դառնալը, խնամքի հետ կապված արձակուրդի մեջ, ապա այդ փուլում համարվում է պարտադիր բաղադրիչի «պասիվ մասնակից»։ Սա նշանակում է՝ այն պահին, որ պահին քաղաքացին սկսի աշխատել որպես վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր եւ ստանալ բազային եկամուտ, այդ պահից սկսած էլ կկատարի պարտադիր կուտակային վճարներ։
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Փաստորեն ամեն ինչ դեռ կորած չէ։ Լավ է, որ օրենքը թույլ է տալիս, որպեսզի հասարակության այս խավի ներկայացուցիչները գոնե ժամանակավոր հրաժարվեն կուտակային բաղադրիչից։ Ամեն դեպքում՝ կարծում ենք, կուտակային համակարգի դեմ պայքարը պետք է շարունակել եւ հասնել դրա իսպառ վերանայման: