Կողբի ջրերը ցամաքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքի` Կողբի թաղամասերից մեկն արդեն մի քանի ամիս խմելու ջուր չի ստանում: Այդ մասին թաղամասի բնակիչները բողոքել են  «Ժողովուրդ»-ին: Կողբ համայնքի ղեկավար Արամայիս Աբովյանին հարցրինք, թե որն է դրա պատճառը: Ա. Աբովյանն ասաց, որ ուժեղ երաշտից ցամաքել են այդ թաղամասի ջրագիծը սնուցող, անտառում գտնվող ջրաղբյուրները:

Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանից էլ տեղեկացանք, որ քաղաքն այլեւս ջուր չի ստանում Նոյեմբերյան քաղաքից 38 կմ հեռավորության վրա գտնվող Գիժսարից սկիզբ առնող ինքնահոս ջրագծից: Այդ ջրագիծը սնող աղբյուրներում ջուրը ցամաքել է: Ներկայում Նոյեմբերյան քաղաքը խմելու ջուր է ստանում Բերդավանի արտեզյան հորերից, ջրհան պոմպերի միջոցով:

Վերջին օրերին այդ ջուրը Նոյեմբերյանի բնակիչներին տրվում է ոչ կանոնավոր կերպով: Նոյեմբերյանցիներին առավել մտահոգում է մատակարարվող ջրի որակը, ավելի ճիշտ` խմելու ջրի անորակությունը: Բնակիչները տագնապով նշում են, որ իրենց դույլերում կուտակված ջրի մակերեւույթին մեկ օրվա ընթացքում փառի նման ինչ-որ գոյակցություն է հայտնվում: Բերդավան գյուղի բնակիչներից մեկը պատմեց, որ ինքն անցյալ տարի Քոբուլեթիում մանդարինի ծառ է գնել, որը միշտ ջրել է աղբյուրի կամ խանութից գնված խմելու ջրով: Սակայն երբ մեկ անգամ ծառը ջրել է Բերդավանի արտեզյան ջրով, դրանից հետո այն չորացել է:

Առանց այդ էլ սոցիալական ծանր պայմաններում ապրող նոյեմբերյանցիներից շատերը ստիպված են հիմա էլ խանութներից ջուր գնել` չվտանգելու իրենց առողջությունը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս