Ինչպես հայտնել էր Armlur.am-ը, երեկ Սևանում 27-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել:
Քիչ առաջ տեղեկացանք, որ երիտասարդը Ծովակ գյուղի բնակիչ Արկադի Վարդանյանն է:
armlur.am-ի հետ զրույցում Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը հայտնեց, որ Արկադին դեպքի օրը պետք է մեկներ Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաք, սակայն օդանավակայանից նրա տոմսերը վերադարձրել են` պատճառաբանելով, թե թռիչքը երկու օր անց պետք է լինի:
Համայնքապետի փոխանցմամբ` այդ օրը Արկադին Երևանում պետք է մնար, սակայն ծնողները զանգահարել և ասել են նրան, որ գնա գյուղ և ներկա գտնվի եղբոր ծննդյան արարողությանը:
«Կարճաղբյուրի մոտ լողափ կա, էնտեղ պետք է նշեին ծնունդը: Ու ժամը 5-ի կողմերը իմացանք, որ ջրահեղձ է եղել: Հարազատները մի պահ նկատել են, որ նա բացակայում է, ու փնտրելուց հետո պարզվել է, որ Արկադին խեղդվել է:
Խելոք, աշխատասեր տղա էր, ուղղակի դժբախտ պատահար էր»,- պարզաբանեց գյուղապետ Գարիկ Հակոբյանը` հավելելով, որ Արկադին չորս եղբայր ուներ, որոնք, ինչպես և նա, ամուսնացած չեն:
Գյուղապետը չկարողացավ հստակեցնել, թե ինչից կարող էր 27-ամյա երիտասարդը ջրահեղձ լինել, միայն վստահեցրեց, որ նա ալկոհոլ օգտագործել չէր սիրում, և բացառեց դրա ազդեցության տակ ջրահեղձ լինելու հանգամանքը: