ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼԻ ԲԱՑԱՌԻԿ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է

Այսօր անգամ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք են խոստովանում, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն իր հետ բերելու է լրջագույն խնդիրներ: Այդ բացասական հետեւանքները հնարավորինս մեղմելու համար իշխանությունները ծնկաչոք դռնեդուռ են ընկել:

Աղաչում եմ, մի ճար արե՛ք
Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, որ Հայաստանի համար մաքսատուրքերի բարձրացումը կկազմի 140-145 մլն դոլար: Ու հիմա Հայաստանը պատրաստվում է բանակցել ՌԴ-ի հետ` խնդրելով, որ ՄՄ-ին անդամագրվելիս մաքսային տուրքերի ցանկից հանվեն որոշ առանցքային ապրանքներ: Թե որ ապրանքների մասին է խոսքը, պարոն Ավանեսյանը չմանրամասնեց: Նրա խոսքով` այդ ցանկը դեռ չի ներկայացվել ռուսական կողմին, քանի որ դեռ համաձայնեցվում է հայ գործարարների հետ:
Ուշագրավն այն է, որ Հայաստանը խնդրողի դերում հանդես է գալու Եվրամիությունից Մաքսային միություն բերման ենթարկվելուց հետո: Մինչդեռ, տրամաբանությունը հուշում է, որ այս բոլոր հարցերի պատասխանները Հայաստանը պետք է փնտրեր ոչ թե հիմա, այլ ստանար ՄՄ-ին անդամակցելու որոշում կայացնելուց առաջ: Այսինքն` նախ պետք է այս հարցերի շուրջ բանակցեր ու ստանար ՌԴ-ի համաձայնությունը, այնուհետեւ նոր որոշում կայացներ` ՄՄ մտնել-չմտնելու շուրջ: Խոստովանենք, այդ դեպքում Հայաստանն իր պայմանները թելադրելու հնարավորություն կունենար, մինչդեռ հիմա նրանք պարտավոր են բավարարվել նրանով, ինչ կզիջի ՌԴ-ն: Առավել եւս, երբ դեռ հարց է` կզիջի՞ արդյոք ՌԴ-ն, ինչպես նաեւ ՄՄ անդամ մյուս երկու երկրները` Բելառուսն ու Ղազախստանը կզիջե՞ն նրան:

 

Թո՛ւյլ տուր, սիրելի՛ս, իջնել փողոց
Ինչպես հայտնի է, Հայաստանը 2014թ. հունվարի 1-ից ընդգրկվել է «GSP+» ռեժիմի նոր շրջափուլի մեջ: Իսկ սա նշանակում է, որ նշված 6 հազարից ավել հայկական ծագման ապրանքները ԵՄ են ներմուծվելու արտոնյալ` զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերով: ԵՄ կողմից այդ ռեժիմից օգտվելու իրավունք է շնորհվել ընդամենը 10 երկրի` Հայաստան, Բոլիվիա, Կապե Վերդե, Կոստա Ռիկա, Էկվադոր, Վրաստան, Մոնղոլիա, Պակիստան, Պարագվայ եւ Պերու: Ինչպես նկատեցիք` ՄՄ անդամ երկրները` ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանը, չեն օգտվում «GSP+» ռեժիմից. նրանք այս տարվանից դուրս են մնացել համակարգից: Եվ Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու դեպքում կլինի միակ պետությունը, որին թույլատրված է ԵՄ արտահանել արտոնյալ ռեժիմով: Իսկ սա նշանակում է, որ ՄՄ-ին ՀՀ անդամակցության դեպքում հատկապես ՄՄ անդամ երկրները ցանկության դեպքում կարող են այդ հանգամանքն օգտագործել ԵՄ-ի հետ հարաբերությունները պարզելու համար: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չբացառեց, որ որոշ ապրանքատեսակներ ԵՄ արտահանելու հարցում պայմաններ թելադրի հենց ՄՄ-ն: «Դա կախված կլինի ՌԴ-ԵՄ ապրանքների մրցակցությունից, այսինքն` սա լինելու է շուկաների կռիվ»,-նշեց նա` հավելելով, որ եթե ՌԴ-ն որոշի փչացնել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ, ապա կգնա այդ քայլին: «Բայց դե, ինքներդ էլ եք տեսնում, որ Հայաստանի շուկան այնքան փոքր է, որ հազիվ թե նման քայլեր անեն»,-ասաց Մելքումյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, պնդեց` «GSP+»-ը միակողմանի համակարգ է, այսինքն` ԵՄ-ն է այդ համակարգը կիրառում, ուստի, ՄՄ-ին ՀՀ անդամակցությունը չի խոչընդոտի ծրագրից օգտվելուն: Չնայած, ըստ Ավանեսյանի, առեւտրային համագործակցության մեջ խնդիրներ միշտ էլ կարող են լինել:
ՄՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի առաջ ծառացող հաջորդ խնդիրը կարող է ծագել Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ հարաբերվելիս: Մասնավորապես, ներկրման համար ՄՄ սահմանած բարձր մաքսատուրքերը կարող են դուր չգալ ԱՀԿ-ին: «Երբ երկիրը անդամակցում է Մաքսային միությանը, ապա այդ կառույցն է սկսում քննարկել երրորդ երկրների հետ մաքսատուրքերին եւ այլ տարիֆներին վերաբերող հարցերը: …Կարող եմ ԵՄ օրինակը բերել, երբ Ռումինիան, լինելով ԱՀԿ անդամ, միացավ Եվրոպական միությանը, իսկ ԵՄ տարիֆները շատ ավելի բարձր էին: Հիմա Ռումինիայի պարագայում ԵՄ-ն ինքը արդեն իր բանակցություններն է վարում ԱՀԿ անդամների հետ, ոչ թե Ռումինիան: Դա սովորական կանոն է, այսինքն` ոչ թե Հայաստանը, այլ Մաքսային միությունն էլ պետք է սկսի բանակցել այլ երկրների հետ այն երկրի վերաբերյալ, որը մտել է ՄՄ»,-երեկ ասաց Ավանեսյանը` հավելելով, որ նույնը վերաբերում է նաեւ Ռուսաստանին, որը ե’ւ ԱՀԿ-ի անդամ է, ե’ւ ՄՄ-ի:
Թե այս ողջ գործընթացների արդյունքում ինչ կշահի Հայաստանը, եւ ընդհանրապես, կշահի, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Կապրենք` կտեսնենք:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՆՈՐ ՓՈՒԼ

ՀՀ ՔՕ 291 հոդվածի հատկանիշներով (ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը) հարուցված քրեական գործի քննությունը լուրջ փուլ է մտել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն ոստիկանության քննչական ծառայության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում մի շարք տնտեսություններում՝ հասկանալու համար, թե իրականում ինչ թույլտվություններ ունեն եւ ինչ քանակությամբ ջուր են օգտագործում: Տեղեկացնենք, որ մինչ օրս ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այս գործով չի հարցաքննվել, մինչդեռ հենց նա է ջրօգտագործման թույլտվություններ տվել: Ասել է թե՝ «շան գլուխը թաղված է» ջրօգտագործման թույլտվությունների փաստաթղթերում: Սակայն Հարությունյանը այս իրողությունից ուշադրությունը շեղելու համար հայտարարում է, թե ինքն է բացահայտել գործը եւ ուղարկել քննության:

 

ԿԱԶՄԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ

Ինչպես հայտնի է, ՀՀՇ նախկին անդամներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը հայտարարել էին, որ ՀՀՇ-ի` ՀԱԿ դառնալուց հետո հիմնում են նոր ՀՀՇ կուսակցություն: Սակայն դրա կազմավորման գործընթացը դանդաղում է: «Ժողովուրդ»-ը փորձեց Ա. Արզումանյանից պարզել, թե որ փուլում են գտնվում կուսակցաշինական աշխատանքները. «Մի քանի օր առաջ վարչության նիստ էր, որը տեւեց մոտ չորսուկես ժամ, ի՞նչ պետք է անենք, աշխատում ենք, ճակատներիս գրենք ՀՀՇ, քայլե՞նք: Կազմավորվելուց հետո գրասենյակ է բացվել, պարբերաբար վարչության նիստեր են տեղի ունենում, տարբեր հանձնաժողովներ են հավաքվում, քննարկումներ անում, տարբեր տարածքներում կառույցներ են բացվում: Յուրաքանչյուր անդամի անդամագրվելուց հետո պետք է հայտարարությա՞մբ հանդես գանք»:

 

ՔԵՖ-ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ

ԱԺ քառօրյաներին, հատկապես չորեքշաբթիները, երբ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին մասնակցելու համար խորհրդարան են ժամանում նախարարները վարչապետի գլխավորությամբ, ԱԺ ՀՀԿ խմբակցության սենյակի մատույցներում տարածվում է կոնյակի անուշաբույր հոտը: Այդ ժամանակ սկսվում է ՀՀԿ խմբակցության անդամների ակտիվ ելումուտը Գալուստ Գրիգորիչի մոտ: Եվ ամեն անգամ սենյակ մտնել-ելնելուց հետո ՀՀԿ-ականների տրամադրությունը գնալով ավելի ու ավելի է բարձրանում: Ի դեպ, ԱԺ միջանցքներում հայտնված տեսախցիկներից երկուսը ՀՀԿ խմբակցության սենյակի մոտ են դրված: Եվ այսուհետ ոչ միայն լրագրողները, այլեւ անվտանգության աշխատակիցները հնարավորություն կունենան հետեւել ՀՀԿ-ականների տրամադրության բարձրացման ընթացքին:

 

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ԿԲՈՂՈՔԱՐԿԵՆ

ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը պատրաստվում է ներկայացնել վճռաբեկ բողոք` մեղադրյալի կալանավորման ժամկետը հունվարի 9-ին եւս երկու ամսով երկարացնելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման կապակցությամբ: «Փաստինֆո»-ն հիշեցնում է, որ եւս մեկ բողոք` այս անգամ արդեն բուն կալանավորման որոշման դեմ, դեռեւս գտնվում է Վճռաբեկ դատարանում: Հիշեցնենք, որ Մ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 2 հոդվածներով` աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու եւ դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքերի առնչությամբ:

 

ԹԻՎ ՄԵԿԸ ՊՈՒՏԻՆՆ Է

Համաշխարհային ԶԼՄ-ների՝ 170-ից ավելի ղեկավարների շրջանում անցկացված հարցման արդյունքներով «Թիվ 1 քաղաքական գործիչ» է ճանաչվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Իսկ «Թիվ 1 գիտնական» է ճանաչվել բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, 2013թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Պիտեր Հիգսը:

 

ՉԻ ՈՒԶՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՁՆՎԵԼ

Գործարար Աշոտ Սուքիասյանը չի ուզում, որ իրեն արտահանձնեն ՀՀ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի հանրային պաշտպան Իրմա Ինասարիձեն: Նա նշել է, որ ինքն այլեւս չի պաշտպանում Աշոտ Սուքիասյանին, քանի որ նրա ընտանիքն արդեն երկու նոր փաստաբան է վարձել:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտել է գործարար Աշոտ Սուքիասյանին «արտահանձնման կալանքի»: 40 օրվա ընթացքում հայկական կողմը պետք է փաստաթղթեր տրամադրի վրացական կողմին, որոնք հիմնավորեն ՀՀ Աշոտ Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը:

 

ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ

Երեկ ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Նաիրա Կարապետյանի հարցին` կապված ՀՀ զինված ուժերի կողմից անվտանգության նոր համակարգերի ձեռքբերման հետ, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը նշել է, որ 2010-ին Հայաստանի ու Ռուսաստանի ՊՆ-ների միջեւ ստորագրված պայմանագրով՝ անվտանգության ապահովումը նոր մակարդակի է հասցվել: Նախարարը նաեւ անդրադարձել է վերջին օրերի լարվածությանը. «Ադրբեջանական կողմից կրակոցների ինտենսիվությունն ավելացել է հինգ-վեց անգամ: Մեր հարեւանները մտավախություն ունեին, որ հունվարի 20-ի միջադեպից հետո պատասխան կստանան՝ չգիտակցելով, որ զոհված Արմեն Հովհաննիսյանը ու մյուս զինծառայողներն արդեն արժանի պատասխան տվել էին նրանց»:

 

ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները գազի պարտքերի հարցով դիմելու են Սահմանադրական դատարան. «Մենք նախաձեռնությունը կես ճանապարհին չենք թողնի»,-երեկ հավաստիացրել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Խոսելով կառավարությանն անվստահություն հայտնելու ՀԱԿ-ի առաջարկի մասին՝ նա ասել է. «Մենք դեմ չենք բուն գաղափարին, քանի որ ինքներս էլ երկու անգամ բարձրացրել ենք կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Մենք պարզապես զերծ ենք մնում գաղափարի մշտական կրկնությունից, քանի որ դրանից ուժեղ չենք դառնում»:




Լրահոս