ՎՆԱՍԵԼ ԵՆ ՈՒ ՉԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
ՀՀ Լոռու մարզի Գարգառ համայնքի բնակիչ, «Հասառ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Հարությունյանն արդեն վեց տարի է, ինչ չի կարողանում ջերմոցային տնտեսությամբ զբաղվել: Քաղաքացու խոսքով` պատճառը «Գազպրոմ Արմենիա» (նախկին` «Հայռուսգազարդ») ՓԲԸ-ն է, որը շուրջ վեց տարի դադարեցրել է իր ջերմատան գազամատակարարումը եւ հրաժարվում է այն վերականգնել: Երբեմնի տասը աշխատատեղ ունեցող ջերմատունն այսօր ձյան եւ քամու պատճառով աստիճանաբար քայքայվում է: Իսկ տնտեսվարողն էլ հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում:
Նշենք, որ Սամվել Հարությունյանը մատակարարված գազի պարտք է ունեցել «Գազպրոմ Արմենիա»-ին, ինչի պատճառով էլ ընկերության Լոռու մարզի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը (ԳԳՄ) 2008թ. սեպտեմբերի 1-ին, առանց Հարությունյանին զգուշացնելու, դադարեցրել է գազամատակարարումը: 2008թ. հոկտեմբերի 10-ին Ս. Հարությունյանը գազ մատակարարող ընկերության Լոռու մարզի մասնաճյուղի համապատասխան աշխատակիցներին գրավոր տեղեկացրել է, որ վճարել է 2 մլն դրամի պարտքը, եւ ներկայացնելով անդորրագրերը՝ խնդրել է վերականգնել գազամատակարարումը:
Քաղաքացին պնդում է, որ Լոռու ԳԳՄ-ն ապօրինաբար է անջատել իր ջերմոցային տնտեսության գազը: Եվ սա այն դեպքում, երբ ընկերության հետ կնքած պայմանագրով՝ գազամատակարարը պարտավորված է եղել հոկտեմբեր ամսվա համար գազ մատակարարել:
Բացի այդ` ընկերությունը Հարությունյանին նոր պահանջ է ներկայացրել` առաջարկելով կնքել գազամատակարարման պայմանագրի հավելված, մատակարարվող գազի համար 4 մլն 400 հազար դրամի կանխավճար կատարել կամ մատակարար ընկերության մոտ գրավադրել ջեռուցման սեզոնում սպառվելիք բնական գազի արժեքին համարժեք գույք, դրա հետ միասին` նաեւ 1 մլն դրամ կանխավճար մուծել: Բնականաբար, Հարությունյանը հրաժարվել է այդ առաջարկից եւ հայտնել, որ ընկերության տնօրենի առաջարկն իրենց միջեւ կնքված պայմանագրից չի բխում:
Մեր զրուցակցի պատմելով՝ «Գազպրոմ Արմենիա»-ի Լոռու մարզի մասնաճյուղը 2008-ի հոկտեմբերի 28-ին գրավոր հայտնել է, որ համաձայնագիրը կնքելուց եւ նախատեսված չափով կանխավճար կատարելուց հետո միայն ընկերության գազամատակարարումը կվերսկսվի, եւ նոյեմբերի 11-ին այն վերսկսվել է: Սակայն, մինչ այդ, ջեռուցման բացակայության պատճառով 1100 քմ լոլիկի եւ 1100 քմ վարունգի բույսերն արդեն ցրտահարվել են:
«Ես չգիտեմ, թե ինչ ասեմ: Վեց տարի է, ինչ ես սնանկացած եմ: Ինչպե՞ս զբաղվեմ այս գործով: Հիմա էլ կա՛մ ձյունն է կոտրում ջերմատան մատերիալը, կա՛մ քամին: Իմ կյանքի 37 լավագույն տարիները դրել եմ ու 23 տարեկան ֆերմերային տնտեսություն ստեղծել: Բայց այսօր հայտնվել եմ այս վիճակում: Իմ հարազատ երկրում այսպես են վերաբերվում հաց վաստակող մարդուն: Խորհրդային տարիներին ես կարողանում էի իմ իրավունքները պաշտպանել, բայց հիմա էս ազատ, անկախ երկրում չեմ կարողանում: Հիմա, հեռու ինձանից, բոմժ եմ դարձել: Սա կատարյալ սպիտակ ցեղասպանություն է»,-զայրացած նշեց Ս. Հարությունյանը:
Նրա կատարած հաշվարկներով` հոկտեմբերին անջատված գազի պատճառով կրած վնասի չափը կազմում է 45 մլն դրամ: Այն փոխհատուցելու պահանջով 2011թ. սեպտեմբերի 5-ին տնտեսվարողը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դեմ հայց է ներկայացրել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով որպես հատուցման գումար մոտ 45 մլն դրամ բռնագանձել: Առաջին ատյանի դատարանը բավարարել է տնտեսվարողի հայցը հօգուտ «Հասառ» ՍՊԸ-ի:
Տուժած գործարարը պնդում եւ միաժամանակ պատրաստակամություն է հայտնում կոնկրետ ապացույցներ ներկայացնել առ այն, որ ՓԲԸ-ն կեղծել է իրենց միջեւ գործող պայմանագիրը եւ այն ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ ցույց տալով, թե իբր հոկտեմբեր ամսից պայմանագրով դադարեցրել են գազամատակարարումը: ՀՀ վերաքննիչ դատարանն էլ, այդ փաստաթուղթը հիմք ընդունելով, մերժել է «Հասառ» ՍՊԸ-ի` վնասի հատուցման պահանջը:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզաբանում ստանալ նաեւ «Գազպրոմ Արմենիա»-ից: Պարզելու համար` արդյոք ՓԲԸ-ն պատրաստվում է առաջիկայում փոխհատուցել գործարարին պատճառած վնասը, թե ոչ, դիմեցինք ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանին, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ
ՓՈՐՁԱՇՐՋԱՆ Է ԱՆՑՆՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը փորձաշրջան է անցնում չեխական «Պրիբրամ» ակումբում, որը ներկայացնում է Չեխիայի բարձրագույն խումբը: Այս օրերին «Պրիբրամ»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում, իսկ փետրվարի 4-ին ընկերական հանդիպում է անցկացրել լեհական «Պոդբեսկիդզե» ակումբի հետ եւ զիջել 1:3 հաշվով: Հայ ֆուտբոլիստը խաղին մասնակցել է առաջին րոպեներից եւ փոխարինվել 60-րդ րոպեին:
ԵՐԵՔԸ ՀԱՂԹԵՑԻՆ
Ջիբրալթարի շախմատի խոշոր օփենի հերթական՝ 8-րդ տուրը հաջող դասավորվեց հայ շախմատիստների համար: 253 մասնակիցների շրջանում ընթացող ստուգատեսի այդ տուրում իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Հայաստանի հավաքականի անդամ, օլիմպիական չեմպիոն Սերգեյ Մովսեսյանը, բրազիլահայ, ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանն ու նորվեգահայ Երազիկ Խաչատուրյանը: Հայ շախմատիստներից միակ պարտությունը կրեց բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը:
Կայացած 8 տուրերից հետո Սերգեյը վաստակել է 5.5, Սեւակը՝ 5.0, իսկ Արմենն ու Երազիկը` 3.5-ական միավոր: Երեկ նախավերջին՝ 9-րդ տուրում կայացան Գրիգորի Օպարին (Ռուսաստան)-Սերգեյ Մովսեսյան (Հայաստան), Գրիգոր-Սեւակ Մխիթարյան (Բրազիլիա)-Էդվարդ Պորպեր (Կանադա), Արմեն Բրուտյան (Բրազիլիա)-Ջեյսոն Կեննի (Կանադա), Բասիլյուս Գիկաս (Գերմանիա)-Երազիկ Խաչատուրյան (Նորվեգիա) հանդիպումները։
ՄՕԿ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ՍԿՍՎԵԼ Է
Ձմեռային օլիմպիական 22-րդ խաղերի մայրաքաղաք Սոչիում փետրվարի 4-ին աշխատանքն է սկսել միջազգային օլիմպիական կոմիտեի 126-րդ նստաշրջանը: Բացման խոսքով հանդես եկած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ին վստահության համար: Ապա հավելել է, որ հինգ տարի առաջ անհնար էր Սոչի քաղաքը պատկերացնել որպես ձմեռային խաղերի մայրաքաղաք, քանզի եղած պայմաններն ընդամենը 10-15 տոկոսով էին բավարարում պահանջներին. «ՄՕԿ-ը հավատաց, վստահեց ռուսաստանցու անվեհեր, տոկուն բնավորությանը: Իսկապես, կարճ ժամանակում այնտեղ տասնամյակների աշխատանք կատարվեց»: ՌԴ նախագահն ընդգծել է նաեւ ԶԼՄ-ների մեծ դերը նախապատրաստական աշխատանքները լավագույն կերպով լուսաբանելու հարցում: «Առանձնացավ նաեւ օլիմպիական ջահի փոխանցումավազքը, որն ամենաերկարն է խաղերի պատմությունում: Մարզահանդեսի ավարտից հետո Սոչին կդառնա ձմեռային մարզաձեւերի միջազգային կենտրոն: Կհիմնադրվեն նաեւ ձմեռային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցներ»,-նշել է Պուտինը:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն էլ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին, կառավարությանը, ԱՕԿ-ին` անթերի աշխատանքներ կատարելու, շինությունները ժամանակին շահագործման հանձնելու համար. «Սոչիի եւ ընդհանրապես Կրասնոդարի երկրամասի բնակիչները կարող են հպարտանալ իրենց քաղաքով եւ օլիմպիական օրինակելի կառույցներով»: Նստաշրջանն իր աշխատանքները կավարտի փետրվարի 7-ին` օլիմպիական խաղերի բացման օրը:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
ՄԱՐԶԵՐ
ԲԻԶՆԵՍԻ ԿԱՐԳԱԽՈՍ
2012 թվականի խորհրդարանական ընտրություններից շուրջ 2 տարի է անցել, սակայն Իջեւան քաղաքից դուրս գործող՝ Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին գտնվող ավտոգազալցավորման ճնշման կայանի շենքի ճակատը դեռ «զարդարում է» Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական կարգախոսով պաստառը: «Հավատանք, որ փոխենք» կարգախոսն այս դեպքում զավեշտալի է հնչում, քանի որ պաստառն ու «բարձր հովանու ներքո» կատարվող գազալցավորման բիզնեսն անփոփոխ են: Միջպետական ճանապարհի եզրին գտնվող, «Առամնա» ՍՊԸ-ին պատկանող ավտոգազալցավորման կայանում իր փայաբաժինն ունի Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի որդին՝ Նարեկը: Այն երկար տարիներ Իջեւանի շրջանում ավտոմեքենաների գազի լիցքավորման միակ կայանն էր, որտեղ մշտապես հերթեր էին գոյանում: Այդ տարիներին գազալցավորման կայանը մեծ շահույթներ էր ապահովում տերերի համար: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Հայաստանի «ամենաերկարակյաց» մարզպետն է, նա մարզը ղեկավարում է շուրջ 15 տարի: Եվ նրա ընտանիքին պատկանող բիզնեսի գլխին «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով պաստառը բոլորին ցույց է տալիս, թե իրականում ինչ արժեն իշխող կուսակցության նախընտրական խոստումները:
ԱՌԱՏ ՁՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Վերջին օրերին Տավուշի մարզում տեղացած առատ ձյան պատճառով Նոյեմբերյանի շրջանի Զորական գյուղի տարածքում վնասվել է 35 կիլովոլտ հզորությամբ 4 հենասյուն: Դրանց մի մասն ընկել է, մյուսները թեքվել են: Տարիների ընթացքում հենասյուների հիմքերը քայքայվել են, իսկ էլեկտրական հոսանքի գծերի վրա ձյան շերտի ծանրությունն էլ պատճառ է դարձել, որ դրանք թեքվեն կամ ընկնեն: Հենասյուների մի մասը գտնվում է բարձրադիր, դժվարամատչելի տեղանքում, ինչի պատճառով դժվարություններ են ծագել վերանորոգող տեխնիկայի օգտագործման հարցում: Զորական գյուղի տարածքում գյուղացիների կողմից հողերի ինքնակամ ցանկապատումներ են կատարվել, եւ այդ հողամասերում ծառեր տնկվել: Արգելված տարածքում հիմնված այգիները, փակելով ճանապարհը, խանգարում են վերանորոգման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցները վնասված հենասյուներին մոտեցնելուն: Չնայած առկա դժվարություններին՝ բարձրավոլտ էլեկտրագծի հենասյուների նորոգումն ընթացքի մեջ է: Տավուշի մարզի էներգետիկներից տեղեկացանք, որ այժմ Նոյեմբերյանի շրջանի մեծ մասը սնուցվում է բարձրավոլտ պահեստային հոսանքագծով:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ