ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԵՐՋԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԵՂԻՆԵԻՆ

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Լեւոն Դոխոլյանի եւ նրա կնոջ մորաքույր Հեղինե Բիշարյանի մասին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից գրված ցանկացած հրապարակում արժանանում է բուռն արձագանքի:
Չնայած ՕԵԿ-ականները երկու տարբեր հայցերով դատարան են դիմել՝ օրաթերթից 7 մլն դրամ գանձելու պահանջով, որը Հեղինեի կողմից որակվեց որպես «ցիվիլ պատասխան», այնուամենայնիվ, զարմանալի օրինաչափությամբ, իրենց մասին գրված յուրաքանչյուր նախադասության հետեւում են անհայտ սեռի եւ ծագման օգտատերերի կողմից համացանցում տարածվող փողոցային հայհոյանքներ: Երբ այս մասին օրաթերթի խմբագիրը բարձրաձայնեց՝ համացանցում գրառում անելով, շատ չանցած՝ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, թե իրենք կդիմեն իրավապահներին՝ պարզելու, թե ով է եղել լկտի հայհոյանքներ տարածողը: Իհարկե, սա այն դեպքն է, երբ անկեղծորեն պետք է շնորհակալություն հայտնել այս տիկնոջը: Բայց հետաքրքիր զուգադիպությամբ, նրա այդ հայտարարությունից րոպեներ անց համացանցից անհետացան հայհոյանքներ տարածողների պրոֆայլերը (ամեն բան նկատելի է): Թե ինչու, թող ընթերցողները դատեն:
Չցանկանալով երկխոսության մեջ մտնել Հեղինեի հետ՝ հակիրճ անդրադառնանք շանտաժային ոճով գրված նրա տեքստին. «Իմ տեղեկություններով, մեր որոշ այլ կուսակցականներ անընդունելի համարելով «Ժողովրդի» գործելաոճը, անձնական բնույթի վիրավորանքներն ու անվանարկումները, նախապատրաստել են նոր հայցեր նախ թերթի` զրպարտության, վիրավորանքի տիրույթից դուրս չգալու համար, եւ հետո՝ վերջնականապես պարզելու ենք ու հրապարակենք, թե որտեղից է ֆինանսավորվում այդ թերթը, որը նույնիսկ ՀՀ մարզերից մեկում մի քանի օրինակ է վաճառվում, ո՞ւմ պատվերով է տեւական ժամանակ խաչակրաց արշավանք սկսել ՕԵԿ-ի ու նրա նախագահի դեմ»:
Իհարկե, պետք չէ զարմանալ, որ Հեղինեի պատկերացումներում առանցքային նշանակություն ունի «պատվեր» հասկացությունը: Դա, ցավոք, այլեւս որեւէ մեկի համար նորություն չէ: Զավեշտալին, սակայն, այն է, որ սույն տիկինը ձգտում է, «Ժողովուրդ»-ի անվան կողքին իր անունը դնելով, սողոսկել մեդիադաշտ եւ դեռ մի բան էլ խոսում է «մարզերից մեկում» «Ժողովուրդ»-ի ունեցած վարկանիշի մասին: Փոքրիկ հիշեցում. վարկանիշից խոսող այս տիկինը 2012-ին հայտարարում էր, թե իր կուսակցությունը 170 հազար անդամ ունի, սակայն 2012-ի մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի օգնությամբ հազիվ ստացավ 83 հազար 123 ձայն (կուսակցականների կեսի չափով): Ինչ վերաբերում է «Ժողովուրդ»-ին, ապա այն տարբեր հարցումներով գտնվում է հայաստանյան ամենաընթերցվող թերթերի առաջին եռյակում եւ այս տարի էլ «Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնության կողմից ճանաչվեց «2013-ի լավագույն թերթ»: Սա հասկանալու համար ընդամենը անհրաժեշտ է մոտենալ մամուլի կրպակներից որեւէ մեկին:
Անդրադառնալով մեր թերթի ֆինանսավորման հետ կապված Հեղինեի հետաքրքրությանը` տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը ֆինանսավորվում է ընթերցողի կողմից եւ իր անվանը հավատարիմ՝ կատարում է բացառապես ժողովրդի պատվերը, ինչը չես ասի ՕԵԿ-ի մասին:
Եվ վերջում. մենք աշխատել եւ աշխատում ենք բարեխղճության սահմաններում՝ չխախտելով էթիկայի նորմերն ու ԶԼՄ մասին օրենքը, կատարում ենք մեր մասնագիտական պարտականությունները` առանց անձնավորելու եւ որեւէ մեկի կամ կառույցի նկատմամբ թշնամանքի զգացողության: Եթե սա դուր չի գալիս ինչ-որ շրջանակների, ապա խնդիրը թող փնտրեն իրենց մեջ: «Ժողովուրդ»-ը գրել, գրում է բոլորի եւ ամեն ինչի մասին՝ մեկիկ-մեկիկ հիշեցնելով, թե ով ինչ կապիտալով մտավ քաղաքական դաշտ ու ինչի տեր դարձավ:
«Ժողովուրդ» օրաթերթը հայտարարում է, որ թշնամիներ չունի: Եվ եթե այսօրվանից սկսած` օրաթերթի գործունեությանը որեւէ վտանգ սպառնա, օրաթերթի խմբագրի, լրագրողների կամ նրանց մերձավոր անձանց հետ որեւէ բան պատահի (նույնիսկ վիրտուալ տիրույթում հայհոյանքների տեսքով), ապա մենք որպես դրա պատասխանատու դիտարկելու ենք ՕԵԿ-ին, որի փոխնախագահի` մեր հանդեպ ունեցած ատելությունն ու թշնամանքն անթաքույց են: Սա հայրենի իրավապահները կարող են ի գիտություն ընդունել: Այսքանով մենք թերթում ենք Հեղինեի էջը եւ այլեւս չենք անդրադառնա նրանց արձագանքներին: Մեր սկզբունքներին հավատարիմ մնալով` կշարունակենք զբաղվել պրոֆեսիոնալ լրագրությամբ:

«ԺՈՂՈՎՈՒՐԴ» օրաթերթի խմբագրություն

 

 

 

 

 
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵԼՈՒՄՈՒՏ ԱՆԵլ

Երեկ Սայաթ-Նովայի թիվ 10, 12 շենքերի բնակիչները հերթական անգամ ընդհարվեցին Սայաթ-Նովայի 10 հասցեում նախկին կաթսայատան տեղում կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարների հետ: Այս անգամ պատճառը շինարարական տեխնիկան էր, որը փակել էր ե՛ւ մեքենաների, ե՛ւ քաղաքացիների ճանապարհը: Բնակիչներից մեկը՝ Հռիփսիմե Պետրոսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իր հարեւանը փորձել է կնոջը մեքենայով հիվանդանոց տանել, սակայն ճանապարհը փակ է եղել:
Իսկապես, շինարարական ավտոմեքենան ավելի քան 30 րոպե կանգնած էր բակում, եւ քաղաքացիները չէին կարողանում ելումուտ անել: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության՝ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» գլխի 25-րդ հոդվածում նշված է, որ ՀՀ-ում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք:
Բացի այս՝ տիկին Հռիփսիմեն մեզ ցույց տվեց իր տան պատի ճաքը, որն առաջացել է «Լարկո գրուպ»-ի կողմից իրականացվող շինարարության արդյունքում: «Թեեւ «Լարկո գրուպ»-ի շինարար Մայիսը խոստացել է գալ ու փակել դրանք, բայց հարցն այդպես չի լուծվում»,-վրդովված ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Սայաթ-Նովայի 10, 12 շենքերի բնակիչները պահանջում են դադարեցնել «Լարկո գրուպ»-ի կողմից իրականացվող բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը, քանի որ այն փակելու է քաղաքացիների բնակարանների լույսը: Բացի այդ՝ փակվելու է նաեւ դեպի իրենց շենքեր տանող անվտանգության՝ հրշեջ եւ շտապօգնության մեքենաների անցուդարձի համար նախատեսված ճանապարհը, ավելին, թուլացնելու է իրենց շենքերի սեյսմակայունությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

 

ՄԱՐԶԵՐ

 

ԲՈՂՈՔ Հ/Ը-Ի ԴԵՄ

Փետրվարի 10-ին Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին մասնաճյուղի տնօրինությունը, դասախոսներ, Իջեւանի շրջանի զինվորական ղեկավարներ, հիմնարկների տնօրեններ, գործարարներ, լրագրողներ: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը հայտարարեց, որ մասնաճյուղի գիտական խորհրդին կից ստեղծվում է արտաքին շահակիցների խորհուրդ: Նա կարեւորեց իր ղեկավարած ուսումնական հաստատությունում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բարձրորակ կադրերի պատրաստումը: Հանդիպման ժամանակ Մակարավանքի վանահայր Հայր Սամվել Մխիթարյանը, անդրադառնալով մատաղ սերնդի հոգեւոր դաստիարակության խնդիրներին, նշեց, որ Տավուշի մարզային հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվում աղանդավորական հաղորդում: Հայր Սամվելը նկատի ուներ «Հայտնություն» հաղորդաշարը: Ի դեպ, ֆինանսական խնդիրների պատճառով մարզային հ/ը-ն 2014թ. հունվարի 2-ից ցայսօր եթեր չի հեռարձակվում: Քանի որ հանդիպման մասնակիցները լավ չէին իրազեկ այդ խնդրին, տողերիս հեղինակը նրանց հայտնեց, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում անդրադարձել է այդ հարցին: Տեղեկացրինք, որ ՀՀ օրենսդրությամբ «աղանդներ» հասկացողություն չկա, կան պետական գրանցումով կրոնական տարբեր ուղղություններ, եւ մարզային հ/ը-ն, այդ հաղորդաշարը եթեր հեռարձակելով, գումարներ է վաստակել: Սակայն այլ հարց է, թե սահմանամերձ մարզում որքանով է նպատակահարմար նման հաղորդաշարի հեռարձակումը, այդ մասին պետք է մտածեն մարզային հ/ը-ի սեփականատերերը: Նշենք, որ այդ հաղորդաշարի մասին «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո «Տավուշ»-ով ռեպորտաժ ցուցադրվեց, որտեղ նշվեց, որ այդ հաղորդաշարն աղանդավորական չէ: Մինչդեռ պետական համալսարանի մասնաճյուղում հանդիպման ժամանակ Հայր Սամվելն ասաց, որ Մայր Աթոռը չէր կարող հավանություն տալ նման հաղորդաշարի հեռարձակմանը: Նշենք, որ «Տավուշ»-ի փաստացի սեփականատերը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն է, հ/ը բաժնեմասերի գերակշիռ մեծամասնությունը գրանցված է նրա բարեկամի անունով:

 

ՀԱՄԱՃԱՐԱԿ ՉԿԱ

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում դեղատներ կան, որտեղից հիվանդները գնել են գրիպի դեմ գրեթե բոլոր դեղամիջոցները: Տարածաշրջանի գյուղերում ապրող շատ ընտանիքներում տան բոլոր անդամները հիվանդ պառկած են, ունեն բարձր ջերմություն, հազում են: Այդուամենայնիվ, Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ մարզում գրիպի համաճարակ չկա, իսկ դրա մասին հայտարարությունը կարող է տալ միայն հիգիենիկ հակահամաճարակային տեսչությունը: Նա ասաց, որ իրենք հետեւում են իրավիճակին եւ հիվանդության պատճառով դպրոցներում աշակերտների բացակայության թվերին, որոնք մեծ չեն: Տիկին Դովլաթբեկյանը նշեց, որ Տավուշում տարածված են վերին շնչուղիների սուր բորբոքային հիվանդություններ:

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս