Կենտրոնի դատավորը` փեսայի հարցաքննության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր փեսան որեւէ կապ չունի քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործի հետ:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 27-ին գիշերը իր տան բակում արձակված կրակոցներից սպանվել էր Արթուր Սաֆարյանը: Փետրվարի 3-ին ոստիկանությունը բերման ենթարկեց Իսրայել Սարգսյանին (Իսո), ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից էր, եւ Տիգրան Ասատրյանին: Ավելի ուշ, Իսոյին մեղադրանք առաջադրվեց իր ընկերոջ Մոսոյի սպանությունը պատվիրելու համար: Թեւոսիկի եղբոր սպանության գործով քննությունը սկզբում իրականացնում էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, բայց երբ տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայության վարույթ, պարզվեց` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանն առնչություն ունի գործի հետ: Ի դեպ, նա Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի փեսան է:

Լուրեր կան, որ Արթուր Սաֆարյանի սպանությունից մի քանի օր անց նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը Իսրայել Սարգսյանին ցույց է տվել Մովսես Ներսիսյանի` Մոսոյի լուսանկարը եւ ասել, թե ոստիկանները Արթուրի սպանության համար նրան են փնտրում: Այսինքն` ոստիկանության օպերատիվ աշխատանքները տապալել է: Ու դրանից հետո սպանվել է Մոսոն, որի դին ոստիկանները մինչ օրս չեն կարողանում գտնել կոյուղու դիտահորից:

Գրիգոր Ղուկասյանի այս արարքի մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա զոքանչի` Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի հետ:

-Տիկին Կարախանյան, լուրեր տարածվեցին, որ Ձեր փեսան` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանանը, անցնում է քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր սպանության գործով:

-Ես բացարձակապես որեւէ առնչություն չունեմ այդ քրեական գործի հետ եւ ոչ էլ իմ փեսան որեւէ առնչություն ունի: Իմ անունը շահարկել եք, որ ժողովուրդը կարդա, թե չէ, եթե մենակ իմ փեսայի անունը նշեիք, ով կիմանար, թե ինչ էր: Ես այնքան գործ ունեմ, հիմա էլ նստեմ մտածեմ, թե դա ինչ գործ է: Կրկնում եմ` չեմ հետաքրքրվում:

-Բայց խոսքը Ձեր փեսայի մասին է:

-Կարախանյանը ի՞նչ կապ ունի իր փեսայի հետ: Կապ ունի՞:

-Ձեզ չի մտահոգո՞ւմ , որ Ձեր հարազատ փեսան աղմկալի սպանության գործով է անցնում:

-Այո, նա իմ փեսան է, բայց ես իմ փեսայի գործերի հետ կապ ունե՞մ:

-Ցանկանում ենք հասկանալ, թե ի՞նչ կապ կարող է նա ունենալ Արթուր Սաֆարյանի սպանության հետ:

-Ինչ մասնակցության մասին է խոսքը, երբ ինքը ընդամենը օպերատիվ աշխատանք է կատարել այդ գործով: Իմ փեսան կարող է 15 գործով օպերատիվ ախատանք իրականացնել եւ ես չեմ կարող իմանալ ու հետաքրքրվել: Փեսան այս գործով չի անցնում, ո±նց կարող է փեսաս այդ գործով անցնել: Բոլորը, ովքեր աշխատել են այս գործով, բոլորին էլ տարել հարցաքննել են, նույնը իմ փեսային: Շատ այլ պաշտոնատար անձանց էլ են կանչել , ինչո՞ւ նրանց անունները չեք գրում:

-Ասեք` գրենք:

-Ես ինչու պետք է ասեմ, ես ձեր համար իմֆորմացիա տվո՞ղ եմ:

-Ըստ լուրերի` Ձեր փեսան իմֆորմացիա է դուրս տվել եւ տապալել է սպանության գործի բացահայտումը:

-Նման տեղեկություն չունեմ: Նա չէր կարող տեղեկություն դուրս տալ: Ով ձեզ նման տեղեկություն է տվել իրանից գնացեք եւ իմացեք: Կրկնում եմ` չեմ տիրապետում, հիմա գործը Ազգային անվտանգությունում է, կավարտվի, կիմանանք, էլի:

-Դուք մտավախություն չունե՞ք, որ քննության ավարտից հետո Ձեր փեսան կարող է հայտնվել ճաղերի հետեւում:

-Բացարձակապես, ինչո՞ւ պետք է մտավախություն ունենամ: Իմ փեսան մեկ տարվա ընթացքում բազմաթիվ գովասանագրեր է ստացել: Ունի մի շարք բացահայտումներ, որ մարդիկ 30 տարվա մեջ աշխատում են, սակայն մի գործ չեն կարողանում բացահայտել: Կրկնում եմ` նման բան գոյություն չունի: Ոնց որ դուք ձեր աշխատանքը կատարեք եւ ձեզ մեղադրեն ձեր աշխատանքը կատարելու մեջ: Թյուրիմացություն է եղել, եւ իմ կարծիքով` այդ թյուրիմացությունը հետագայում կճշտվի:

Քնար Մանուկյան




Լրահոս