ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ԱԿԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՍՔԻՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ԶԳԱՑԵԼ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը կարծում է, որ ընդդիմությունն այնպիսի քայլերի չի դիմի, որոնք զանգվածային անկարգությունների պատճառ կդառնան, ու Մարտի 1-ի իրադարձությունները կկրկնվեն:

-Պարո՛ն Նիկոյան, կարծես թե ընդդիմադիր քաղաքական ուժերն այս անգամ ավելի վճռական են տրամադրված: Դուք բացառո՞ւմ եք, որ հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքը դառնա նոր` հզոր գործընթացի սկիզբ, որը կհանգուցալուծվի իշխանափոխությամբ:
-Ես ընդդիմության ակտիվությանը վերաբերվում եմ շատ նորմալ, քաղաքական պրոցեսներ են, քաղաքական դաշտ է, ու ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ մեզ մետ՝ մեր անկախ պետության մեջ, առաջին իսկ օրերից այս պրոցեսները եղել են, կան ու կլինեն: Քաղաքական կուսակցությունների գործը բա ինչո՞ւմն է, ընդդիմության գործը բա ինչո՞ւմն է, եթե նրանք նման քայլեր, նման ակցիաներ չիրականացնեն: Ընդդիմությունը դատապարտված կլինի ոչնչացման, եթե որեւէ գործողություն չանի: Պետք է պառլամենտում շատ կտրուկ, չոր դիրքորոշումներով հանդես գան ու դրան զուգորդած` պետք է փորձեն հասարակության մեջ ակտիվություն ցուցաբերել: Դրան պետք է նորմալ վերաբերվել, եթե դա գտնվում ու գործում է օրենքի շրջանակներում, իսկ եթե այդ ամենը դրանից դուրս է, արդեն դառնում է այլ ոլորտի խնդիր:
-Չնայած այն բանին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը մինչ օրս չի հայտարարել ընդդիմություն լինելու մասին, ընդդիմադիր ուժերի հետ բողոքի ակիցիաներ է կազմակերպում եւ արդեն իսկ պաշտոնական հաղորդագրություններում հանդես է գալիս որպես ընդդիմադիր ուժ: Տեղեկություններ կան անգամ, որ առաջիկայում ԲՀԿ առաջնորդը պատրատվում է հայտարարել նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: ԲՀԿ-ի նման ակտիվացումը Ձեզ չի՞ մտահոգում:
-Ես չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժ, կամ որեւէ անհատ ընտրություններից 3 տարի առաջ նման հայտ կարող է ներկայացնել, դրա համար ես այդ խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում, որովհետեւ, եթե իրականում դա այդպես է, ապա խաղաքարտերը ընտրություններից 3-4 տարի առաջ բացահայտել կարող են քաղաքական անփորձները կամ անլուրջ մարդիկ: Այդ ամենը կերեւա միայն նախագահական ընտրությունների նախաշեմին, այսինքն՝ 2017 թվականից հետո, այն ժամանակ էլ իմաստ կլինի խոսել այդ մասին:
-Որքան էլ ՀՀԿ-ն փորձում է հերքել, այդուամենայնիվ տեսանելի է, որ իշխանություններին մտահոգում է ԲՀԿ-ի որդեգրած քաղաքականությունը: Անգամ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս կառավարության հարցուպատասխանի ժամանակ սպառնաց երկրորդ Մարտի 1-ով:
-Միշտ էլ բնական է ու նորմալ, երբ իշխանությունները մտահոգվում են ընդդիմության գործողություններից, որոնք կարող են ներքաղաքական լարվածություն առաջացնել եւ հանգեցնել պրոցեսների` օրենքի եւ Սահմանդրության շրջանակներից դուրս: Իհարկե, պետք է իշխանությունը մտահոգվի, բայց ամեն դեպքում, կարծում եմ, իշխանությունները հասկանում են, որ ընդդիմություն է եւ իր գործառույթը պետք է իրականցնի:
-Բայց վարչապետը ընդդիմությանը վախեցնում է Մարտի 1-ով, այսինքն՝ եթե ընդդիմությունը ցանկանա հստակ քայլեր անել, ապա իշխանությունն առանց վարանելու Մարտի 1-ը կրկնելո՞ւ է:
-Չեմ կարծում, որ վարչապետը Մարտի 1-ով վախեցրեց, ես այդպես չհասկացա: Ես հասկացա, որ վարչապետը խորհուրդ էր տալիս, զգուշացնում էր, թե նման քայլերի արդյունքում դուք ուզում եք բերել, կրկնել ինչ եղե՞լ է: Կարծում եմ՝ ավելի շատ մտագոհություն հայտնեց, քան վախեցրեց:
-Այդուամենայնիվ, վարչապետի խոսքերից շատերի մոտ տպավորությունն այնպիսին էր, թե ընդդիմության ակտիվությունը կարող է պատճառ դառնալ Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների կրկնության համար: Այսինքն՝ իշխանությունը պատրաստ է նորից գնալ արյունահեղության, միայն թե կարողանա վերարտադրվել:
-Գոնե վարչապետի արտահայտությունից ես այդպես չհասկացա, ես մտահոգություն զգացի, որ իրադարձությունները չբերեք, չզարգացնեք այն ուղղությամբ, որ կրկնվեն անցյալի անցանկալի իրադարձությունները:
-Իսկ եթե ընդդիմությունն ականջալուր չլինի իշխանության հորդորներին, ապա իշխանությունները պատրաստ են կրկնե՞լ այդ անցանկալի իրադարձությունները: Ի վերջո, հենց իշխանությունների գործողությունների արդյունքում է, որ եղան Մարտի 1-ի զոհերը:
-Հիմա դուք ինձանից ի՞նչ եք հարցնում: Այսինքն՝ դուք մտածում եք, որ կլինի այնպիսի իրավիճակ, մեր երկրում կլինեն զանգվածային անկարգություններ, զանգվածային միջոցառումներ, որոնք կարող են անկարգություններ բերել, եւ նույն իրավիճա՞կը կլինի: Ես հուսով եմ ու վստահ եմ, որ իրենց գործողությունները կլինեն օրինականության շրջանակներում: Ու ես իրենց վարքագծից եմ հասկանում, որ իրենք ձգտում են, որպեսզի դա լինի օրինականության շրջանակներում: Յուրաքանչյուր իշխանություն պարտավոր է գործել օրինականության սահմաններում:

 

 

 

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀՈԿՏԵՄԵԲԵՐԻ 10-ԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ

Նախօրեին «Ազատամարտիկների դաշինք»-ի հրամանատարները Երեւանում ընդլայնված նիստ են անցկացրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ազատամարտիկները որոշել են գալիք շաբաթվա սկզբին ասուլիս հրավիրել եւ ներկայացնել իրենց դաշինքը, իսկ արդեն հոկտեմբերի 10-ին մասնակցել Ազատության հրապարակում եռյակի կազմակերպած համապետական հանրահավաքին:

Դեռեւս սեպտեմբերի 26-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունը մտադիր է մեծ դաշինք ձեւավորել, որպեսզի հոկտեմբերի 10-ին միանա Ազատության հրապարակում կայանալիք եռյակի կազմակերպած համապետական հանրահավաքին: Ու ըստ մեր տեղեկությունների՝ դաշինքում արդեն որոշում է կայացվել, որ նշված օրը իրենք անպայման գնալու են Ազատության հրապարակ: Դաշինքն այդ օրը մոտ 1500 հոգանոց ազատամարտիկների խումբ է կազմելու ու մասնակցելու է հանրահավաքին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախօրեին Երեւանում կայացած նիստին ներկա են եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը, Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալի Սամո, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որը վերջերս է վերադարձել Հայաստան, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, «Արաբո» ջեկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը եւ այլք:
Ըստ դաշինքի տարածած հաղորդագրության՝ նիստի ժամանակ ելույթով հանդես է եկել Դաշինքի նախաձեռնող խմբի անդամ, գեներալ Գագիկ Մելքոնյանը. «Այսքան ժամանակ չենք խառնվել, մտածելով, որ իշխանությունները մի օր խելքի կգան ու կմտածեն ժողովրդի մասին»,-հայտարարել է ազատամարտիկն ու կոչ արել իր մարտական ընկերներին մի կողմ դնել վախի, երկմտանքի զգացողությունները եւ սկսած պայքարը տանել մինչեւ վերջ. «Արե՛ք, էս անգամ չվախենանք թույլ տեղերի համար, վախը շպրտե՛նք մեզնից ու կանգնե՛նք… ու մի՛շտ ենք կանգնելու»:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք իրենց դաշինքը հոկտեմբերի 10-ին մասնակցելու է եռյակի հրավիրած համապետական հանրահավաքին: «Այո՛, որոշում ենք կայացրել, որ հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին մասնակցելու ենք, տղաների հետ հավաքվելու ենք Առնո Բաբաջանյանի արձանի մոտ ու գնալու ենք, տեսնենք՝ ինչ է տեղի ունենալու»: Մեր զրուցակիցը հաստատեց նաեւ մեր այն տեղեկությունը, որ իրենք հոկտեմբերի 7-ին ասուլիս են հրավիրելու, որի ժամանակ հայտարարելու են իրենց դաշինքի մասին: Ըստ Եղիազարյանի՝ իրենք մասնակցելու են հանրահավաքին՝ հասկանալու համար, թե եռյակն ինչ նպատակներ է հետապնդում, որից հետո նոր որոշեն իրենց հետագա քայլերը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԱՌԻԹԻՑ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ
Մինչ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների դեմ պայքարող առեւտրականներից չորս օր է խնդրել՝ ուսումնասիրելու հարցը, այս ընթացքում Ֆինանսների նախարարությունը սկսել է առիթից օգտվել: «Ժողովուրդ»-ի խմբագրությունն այս օրերին ՀՀ տարբեր քաղաքների խանութների տնօրեններից եւ վաճառականներից դժգոհություն է ստանում այն մասին, որ հարկային տեսուչներն իրենց արդեն սկսել են բաժանել հաշիվ-ապրանքագիր կոչված փաստաթուղթը, որպեսզի նրանք վաճառքի ենթակա ապրանքները մեկիկ-մեկիկ գրանցեն այդտեղ: Թե ինչ ավարտ կունենա այս՝ վաճառականների բնորոշմամբ՝ «նենգ քայլը», հայտնի չէ: Սակայն փաստ է, որ վաճառականները հեշտությամբ չեն հանձնվի:
Տեղեկացնենք, որ այս օրենքի դեմ բողոքի ակցիաներ անցկացվեցին ոչ միայն Երեւանում, այլեւ՝ Գյումրիում եւ Սեւանում: Ի դեպ, սեւանցի վաճառականները գործադիր մարմնին ժամանակ են տվել՝ խնդրին լուծում տալու համար, հակառակ դեպքում՝ կփակեն Երեւան-Սեւան գլխավոր մայրուղին:

 

ԴԵՌ ՉԵՆ ՕԳՆԵԼ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները հայտնվել են ծայրահեղ վիճակում: Չի բացառվում, որ առաջիկայում այստեղ բողոքի նոր ալիք հասունանա: Բանն այն է, որ սեպտեմբերի 4-ին տեղացած կարկուտի հետեւանքով տուժած բնակիչներին դեռ չի տրվել համապատասխան օգնությունը:
Հիշեցնենք, որ տեղացած կարկուտի հետեւանքով տուժած 819 անհատական տների եւ 13 բազմաբնակարան շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունը Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրեց 69 մլն դրամ: Սակայն մարզպետարանը կարծես թե դեռ չի պատրաստվում բնակիչների համար շիֆրեր գնել: Մինչդեռ այս օրերին Ճամբարակում անձրեւոտ եղանակ է:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի հետ. «Տեղյակ չենք, թե երբ կտրամադրեն այդ շիֆրերը: Բայց այս օրերին անընդհատ անձրեւ է տեղում, ինչի արդյունքում մարդկանց տները ջրով է լցվում, եւ վնասում տան պատերը: Ամեն դեպքում, բնակիչները գիտեն, որ կառավարությունը գումար է հատկացրել, եւ հույսով սպասում են այդ օգնությանը»:
«Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից տեղեկանալ, թե երբ են պատրաստվում գնել շիֆրերը, սակայն մարզպետն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 

ԱՎԱՐՏԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Ռուսաստանն է կանչում» նշանաբանով ներդրումային համաժողովում, ասել է, որ արդեն մոտենում է ավարտին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը, եւ ակտիվորեն ընթանում է երկխոսությունը Ղրղզստանի հետ։ Նա համոզմունք է հայտնել, որ հեռանկարում այդ կառույցը կընդարձակվի։

 

 




Լրահոս