92 մլն դրամ՝ 50 մետր տարածք ասֆալտապատելու համար (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքային իշխանությունները համայնքային բյուջեի հաշվին միայն ասֆալտապատման միջոցով չէ, որ մեծ գումարներ են աշխատում: Ոչ պակաս եկամտբեր է նաեւ աչքից ու տեսադաշտից հեռու այնպիսի տարածքի բարեկարգումն, ինչպիսին Հրազդանի կիրճն է, որտեղ բետոնապատման եւ ասֆալտապատման աշխատանքները բավականին տարօրինակ ընթացք են ունեցել:

Պարզվում է` 20 մետր տարածքը բետոնապատելու եւ մոտ 50 մետրը ասֆալտապատելու համար հատկացվել է 92 մլն դրամ, ինչը, բնականաբար, մի քանի անգամ (եթե չասենք` տասնյակ) գերազանցում է նշված մակերեսով տարածքի բարեկարգման համար պահանջվող գումարի չափը: Հարց է առաջանում, թե այդ ի՞նչ շինարարական նախահաշվարկ է արվել եւ այդ ինչպե՞ս է ստացվել, որ այդ մի քանի մետր տարածքն ասֆալտապատելու եւ բետոնապատելու համար այդքան գումար է ծախսվել:

Հիշեցնենք, որ Երեւանի Հրազդանի կիրճի` «Երեւանի ՀԷԿ»-ի հարեւանությամբ գտնվող ճանապարհի մի հատվածում մայիսի 21-ին փլուզում էր տեղի ունեցել: Պատճառը հիդրոտեխնիկական ջրթող կառույցի մետաղական հատվածի վրա տեղադրված բետոնե սալի քայքայումն էր: Այսպիսով՝ քաղաքային իշխանությունները խնդիրը կարգավորելու համար նախորդ դարի 30-ական թվականների կառույցի նախագծերի վերականգնման նպատակով տարածքում չափագրման եւ այլ հետազոտություններ են անցկացվել: Իսկ մինչ ճանապարհային բուն հատվածի վերականգնման աշխատանքները, անցկացվել է ջրահեռացման խողովակ, որի մեջ լցվում են ճանապարհին հարակից ջրավազանից հոսող ջրերը եւ թափվում են Հրազդան գետ:

Կառուցվել է նաեւ ստորգետնյա ջրերի հոսքը կարգավորող համակարգ: Իրականացված շինաշխատանքների արդյունքում նորերով են փոխարինվել բոլոր հին ենթակառուցվածքները, որի ավարտին ճանապարհի բուն երթեւեկելի հատվածի խճապատումից ու տոփանումից հետո իրականացվել է երկշերտ ասֆալտապատում: Փլուզված ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներն ավարտվել են օգոստոսի 31-ին:

Ուշադրություն դարձրեք` ասֆալտապատման եւ բետոնապատման աշխատանքներն ավարտվել են օգոստոսի 31-ին:

Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ շինաշխատանքներ իրականացնելու համար մրցույթը հայտարարվել է սեպտեմբերի 16-ին, իսկ մրցույթը շահած ընկերության հետ պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 8-ին: Ըստ կնքված պայմանագրի՝ շինարարության ավարտի ժամկետ է նշվել նոյեմբերի 15-ը:

Ի դեպ, տարօրինակ է, որ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու մրցույթների գերակշիռ մասը շահում է «Սահակյան շին» ընկերությունը: Սակայն է՛լ ավելի տարօրինակ է այն, որ այդքան փոքր տարածքն ասֆալտապատելու համար հատկացվել է 92 մլն դրամ:

Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը գրավոր հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչպես է ստացվել, որ փլուզված ճանապարհի շինարարությունն իրականացվել է ամռանը, բայց շինարարության իրականացման համար մրցույթը հայտարարվել է սեպտեմբերի 16-ին: Քաղաքապետարանից խոստացել են պատասխանել մեր հարցմանը, որը կներկայացնենք հաջորդիվ:

Սյունէ Համբարձումյան

asfalt5

asfalt

asfalt2

asfalt3

asfalt4

 




Լրահոս