«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Իրան կարեւոր է նրանով, թե այն որքանով կնպաստի հայ-իրանական տնտեսական նախաձեռնությունների աշխուժացմանը, որոնք, չնայած պարբերաբար հնչող հայտարարություններին, վերջին տարիներին ոչ մի կերպ չի հաջողվում տեղից շարժել: Ինչպես հայտնի է, Իրանը նպատակ ունի Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա արտահանել Ռուսաստան: Դրա համար վերջինս շահագրգռված է, որ իրանական էներգետիկ ցանցը Հայաստանի եւ Վրաստանի միջոցով կապվի Ռուսաստանի հետ:
Թե որքանով կհաջողվի ԵՏՄ կազմում մեծացնել իրանական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ, այս փուլում վաղ է խոսել: Հատկապես որ տեւական ժամանակ չի հաջողվում ակտիվացնել եղած ծրագրերը: Ավելին` վերջին շրջանում նվազման միտում ունեն նաեւ հայ-իրանական առեւտրային հարաբերությունները: Կրճատվել է մասնավորապես արտահանումը իրանական շուկա: Ինչպես հայտնի է, այն արտահայտվում է հիմնականում երկու ապրանքատեսակի` հոսանքի եւ մանր եղջերավոր անասունների առաքումների տեսքով: Նվազել է հատկապես արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը, որն իրականացվում է գազի դիմաց փոխանակումների ճանապարհով: Կառավարությանն առայժմ չի հաջողվում նոր լիցք հաղորդել երկու երկրների տնտեսական հարաբերություններին: Թե ինչ կփոխվի վարչապետի այցելությունից հետո, ցույց կտա ժամանակը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում