ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը հետևել է հոկտեմբերի 24-ին կայացած երեք ուժեր ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքիցն և հատկապես տպավորվել է այնտեղ հնչած հումորներով: Նշելով այս մասին Armlur.am-ի հետ զրույցում, պատգամավորը վերլուծեց հանրահավաքում հնչած ելույթները:
– Պարոն Սահակյան, ի՞նչ տպավորություններ ունեք հանրահավաքից:
– Բավականին տպավորված եմ հանրահավաքից, բավականին տպավորիչ էին կատակները: Լավ հումորային հանրահավաք ստացվեց. հատկապես այդ պահն է տպավորվել:
– Բոլորը սպասում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթին: ԲՀԿ առաջնորդն ի՞նչ մեսսիջներ հղեց իր ելույթով:
– Ես չեմ կարող ասել, թե Գագիկ Ծառուկյանի ելույթում ինչ մեսսիջներ կային: Օրինակ այնպես չէր, որ ես սպասում էի Գ. Ծառուկյանի ելույթին, ընդհանուր հանրահավաք էր և այն պետք է դիտարկել այդ կոնտեքստի մեջ:
– Նախորդ՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, իշխանությունների հետ բանակցությունների մասին ակնարկեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, այս հանրահավաքում նման առաջարկ արեց արդեն Գագիկ Ծառուկյանը: Ըստ Ձեզ, երեք ուժերն ինչի են ցանկանում հասնել բանակցությունների միջոցով:
– Ես մի փոքր տարակուսած եմ, որ նոր են խոսում բանակցությունների մասին: Երբ որ սկսվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումը, և հիմա էլ արդեն բուն հայեցակարգը պատրաստ է, դա այն հարթակն է, որտեղ պետք է խոսենք, քննարկենք: Պետք է խնդիրները քննարկենք և գտնենք օպտիմալ, ճիշտ ճանապարհը: Հետևաբար, եթե կա որևէ խնդիր, որ պետք է քննարկվի, լինի դա 100 տոկոս համամասնական կամ մեկ ուրիշ խնդիր: Կարծում եմ՝ ամենաճիշտ հարթակը հենց սահմանադրական բարեփոխումներն են, որտեղ մենք նաև պետք է կարողանանք այդ հարթության մեջ մեր բոլոր պատկերացումները կյանքի կոչել:
– Այսինքն՝ Հանրապետական կուսակցությունը պատրաստ է բանակցությունների բոլո՞ր ոչ իշխանական ուժերի հետ:
– Հանրապետականները մշտապես նշել են, որ մենք բաց ենք ցանկացած քաղաքական թիմի հետ նստենք, քննարկենք ցանկացած հարց: Նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ գնացել ենք կոալիցիոն կառավարման, նստել ենք, քննարկել ենք մի շարք հարցեր: Հետևաբար, դա նորություն չէ. եթե կա ցանկություն, բանակցելու ձևը և տեղն իրենք շատ լավ գիտեն:
– Կարծիքներ կան, թե «եռյակ»-ում տարաձայնություններ կան: Դուք համաձայն ե՞ք այս դիտարկման հետ:
– Պետք է հանրահավաքը ամբողջական դիտարկել: Շատերը սպասում էին Ծառուկյանի ելույթին, կամ խոսում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմն առանձնացված էր: Այդ ամեն ինչը մենք տեսել ենք, մենք էլ ենք հասկանում, որ լիդերների մակարդակով որոշակի խնդիրներ կան: Բայց այդ երևույթը պետք է ընդհանուրի մեջ նայել և գնահատել: Որևէ ընդանուր բանաձև հանրահավաքից չեմ կարող առանձնացնել: Շարժման գնահատականը ես տվել եմ և այն անվանել շարժում առանց կոնկրետ օրակարգի:
Նաիրա Հովհաննիսյան