2014 թվականի հոկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի միջև՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանի առաջարկով քննարկվեցին հետևյալ հարցերը՝
ՀՀ ՌԴ ձուկ-ձկնամթերք արտահանելու թույլտվություն ունեցող կազմակերպությունների ցանկի ընդլայնումը՝ ներառելով արտահանման հնարավորություն ունեցող նոր կազմակերպություններ,
ՀՀ մսամթերք վերամշակող կազմակերպությունների արտադրանքը ՌԴ շուկա արտահանելու հնարավորությունների համաձայնեցումը և դրանից բխող հետագա գործողությունները,
միասնական անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տպագրման և կիրառման գործընթացները,
միասնական ավտոմատացված էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը, համակարգի սպասարկմանն ու ուսուցմանն առնչվող հարցեր, ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության համապատասխան ստորաբաժանումներում ՍԱՊԾ մասնագետների ուսուցման դասընթացների կազմակերպումը:
Իր հերթին Սերգեյ Դանկվերտը նշել է հայ-ռուսական առևտրային հարաբերությունների կայուն զարգացման, մասնավորապես վերջին տարիներին Հայաստանից Ռուսաստան ձկնամթեքի արտահանման ծավալների զգալիորեն աճի մասին: Առաջարկվել է ուժեղացնել սահմանային հսկողությունը՝ բացառելով մաքսանենգ ճանապարհով բեռների ներմուծումը, որն հատկապես ակտիվացել է Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների կիրառումից հետո: Ինչպես նաև նշել է, որ անհրաժեշտ է համատեղ պայքարել կենդանիների այնպիսի վտանգավոր հիվանդությունների դեմ, ինչպիսիք են խոզերի աֆրիկական ժանտախտը և դաբաղը:
Հանդիպման վերջում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանը ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով: