Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ամուսնու դանակի հարվածներից մահացած 62-ամյա Մելանյա Պողոսյանի դուստրը՝ Լուսինե Մնացականյանն այսօր կեսօրին է իմացել դեպքի մասին: Armlur.am-ի հետ զրույցում սպանվածի հարևանուհին՝ տիկին Օֆելյան, հայտնեց, որ Լուսինեն ունի 4 տարեկան աղջիկ, ով տառապում է փայծաղի հիվանդությամբ: Նրան պետք է Գերմանիա տեղափոխեն՝ բուժվելու: Այս նպատակով Լուսինեի ծնողները պատրաստվում էին բնակարանը վաճառել, սակայն, ինչպես հայտնեց հարևանուհին, մահացած կնոջ դուստրն այլևս այդ ուղղությամբ չի մտածում:
«Ասում է՝ կյանքներս խորտակվեց, ինձ էլ ոչ մի բան պետք չի, կյանքիս վերջ եմ տալու: Այսօր առավոտ էր ինձ զանգել, ասում է՝ մամայից նորություն ունե՞ք, զանգում եմ, չի պատասխանում: Նոր բարձրացա տուն, ասում եմ՝ ի՞նչ ասեմ, տղան՝ Էդիկը, ասեց՝ ոչ մի բան մի ասեք, կամ ասեք՝ խանութ է գնացել: Մի երկու ժամ հետո տեսնեմ գոռալով, բղավելով եկավ: Մորը որ էդ վիճակում տեսավ, ասեց՝ ինչի՞ է գլուխը կարած, դե ես էլ ասեցի, թե ճնշումը բարձրացել է, ընկել է գետնին ու վնասել է գլուխը: Իսկ հետո արդեն իմացավ՝ ինչը ոնց էղավ»,- ասաց Մելանյայի հարևանուհին՝ հավելելով, որ ամուսինը նախկինում կնոջ նկատմամբ բռնություն չի կիրառել, պարզապես ընտանիքում պարբերաբար վիճաբանություններ են եղել, մասնավորապես կապված որդու չամուսնանալու հետ:
Թե ինչու պետք է 62-ամյա Ազատ Մնացականյանը խանդեր կնոջը, հարևանները չեն կարողանում բացատրել՝ սա պարզաբանելով նրանով, որ կինը բավականին համեստ և ընտանիքին նվիրված էր: Ավեին՝ հարևանուհին հայտնեց, որ ավելի քան 30 տարի ապրել են կողք կողքի, և աղմուկ դժբախտության մեջ հայտված ընտանիքի բնակարանից չի լսվել:
Տիկին Օֆելյայի խոսքով՝ կնոջ սպանած հարևանը նախկինում աշխատել է, իսկ կինը՝ ոչ: Սակայն այն ժամանակ, երբ նա թոշակի է անցել, նրանց կարիքները որդին է հոգացել, ով ՀԷՑ-ում է աշխատում:
Վերջինս էլ հարևաններին պատմել է, որ հայրը զանգել է իրեն ու ասել՝ շտապ տուն գնա: Հասնելով տուն՝ որդին մորը գետնին ընկած է հայտնաբերել, իսկ հայրը տանը չի եղել: Ավելի ուշ պարզվել է, որ Ազատ Մնացականյանը Արարատյան թաղամասում է եղել՝ եղբոր տանը, որտեղից էլ նրան բերման են ենթարկել:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ սպանության օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի օրը՝ կենցաղային հարցերի շուրջ ամուսիններ Մ. Պողոսյանի և Ա. Մնացականյանի միջև ծագած վիճաբանության ժամանակ, վերջինս ծալովի դանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Մելանյա Պողոսյանի մարմնի տարբեր մասերին` զրկելով նրան կյանքից: Առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով հոկտեմբերի 27-ին Ազատ Մնացականյանը ձերբակալվել է: