Մեկ անգամ արդեն եղել է նման նախադեպ, երբ պահանջում էին իշխանափոխություն և արտահերթ ընտրությունների անցկացում: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեք ոչ իշխանական ուժերի պահանջին, այս մասին նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Եթե դարձյալ նույն երգն ենք լսելու, կարծում եմ, որևէ համագործակցության մասին, գոնե այդ ոլորտում, իմաստ չունի խոսել», – ընդգծեց նա:
Հարցին, եթե ճնշումը մեծ լինի, պատրա՞ստ են իշխանափոխության, նա պատասխանեց. «Ոչ, ես պատրաստ չեմ իշխանափոխության, որովհետև համարում եմ, որ… Ի՞նչ ճնշման մասին է խոսքը: Ես դեռևս չեմ տեսել որևէ մի քաղաքական գործիչ, որը մեկ այլ քաղաքական գործչի կամ հանրահավաքի արդյունքում որոշի հրաժարական տալ»:
Դ. Հարությունյանը նշեց, որ Հայաստանում որևէ մեկը որևէ մեկին չի կարող իշխանափոխություն պարտադրել: Այն հարցին, թե ժողովո՞ւրդն էլ չի կարող, եթե դուրս գա փողոց, նստացույցեր անի, նա արձագանքեց. «Իսկ ժողովուրդ ասելով՝ քանի՞ հոգի նկատի ունեք: Բազմամարդ թիվն ինձ համար թիվ չէ, թիվ հնչեցրեք խնդրում եմ, թիվ ասեք: Ես խնդրում եմ բացեք ընտրությունների արդյունքները և ստուգեք՝ քանի ձայն է ստացել իշխանական կուսակցությունն այդ ընտրություններում: Հերթով գումարեք և նայեք բոլոր թվերը: Այ երբ որ դուք այդ բոլոր անձանց կապահովեք, որ նրանք լինեն հրապարակում և պահանջեն իշխանափոխություն և հետո դուք ինձ համոզեք, որ այդ թիվն ավելի մեծ է, քան այն ձայների թիվը, որը ստացել է իշխող կուսակցությունը, այդ ժամանակ ես կպատասխանեմ ձեր հարցերին»: