Սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալն ավելի գերադասելի է. Հովիկ Աբովյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալն ավելի գերադասելի է: Անդրադառնալով խորհրդարանում քննարկվող օրենքի նախագծին` Armlur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

«Այս պահին, եթե միայն բնակիչներն են այնտեղ, ապա այս օրենքից հետո կարող են տնտեսվարող սուբյեկտներն ավելանան ու ցանկություն հայտնեն սահմանամերձ համայնքներում գործել: Այս կերպ նրանց խրախուսվում է գործունեություն ծավալել», – ընդգծեց նա:

Մեր այն դիտարկմանը, թե առաջին հերթին պետք է օգնություն ստանային թշնամու կրակահերթի տակ գտնվող բնակիչները, մարզպետը վստահեցրեց, թե այդ բնակիչներն իրենց օգնությունը ստացել են:

«Ես ներկայացրել եմ, թե քանի բնակիչ էր վնաս կրել: Կրակահերթերից մոտ 707 բնակարան վնասներ էր կրել, և կառավարության աջակցությամբ 20 մլն դրամ գումար է տրամադրել նրանց: Այդ գումարները լրիվ ճշտվել են և փոխանցվել բնակիչներին», – հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ սահմանամերձ համայնքների բնակիչներին օգնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով առաջարկում էր այդ բնակիչներին օգնել սոցիալապես, այլ ոչ թե հարկային արտոնությունների միջոցով: Կառավարությունը, սակայն, մերժել էր նրա առաջարկը:

Նշենք, որ Տավուշի մարզպետը վստահեցրեց, թե իրեն գազի, լույսի կամ այլ վճարների հարցով օգնելու խնդրանքով ոչ մի բնակիչ չի դիմել:




Լրահոս