Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին, ինչպես նաև համապատասխան պետական ու մասնավոր կառույցներին, հասարակական և երիտասարդական կազմակերպություններին՝ նոյեմբերի 8-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը հավուր պատշաճի կազմակերպելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջաններում շարունակվում են ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական ու երրորդական փողոցների, բակային տարածքների ասֆալտապատման, ճաքալցման, փոսալցման և փոսանորոգման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ փողոցների հիմնանորոգման ծրագրով նախատեսված 25 փողոցներից 21-ում աշխատանքներն ավարտված են: Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքներն ու սահմանված ժամկետում ավարտել դրանք՝ խստորեն հետևելով որակի պահպանմանը:
«Հրավիրեք շինարարական կազմակերպությունների պատասխանատուներին և խստորեն պահանջեք ակտիվացնել աշխատանքները, քանի որ եղանակային պայմանների վատթարացման պարագայում դադարեցնելու ենք բոլոր աշխատանքները՝ որակի հաշվին ասֆալտապատումը բացառելու նկատառումով:
Մրցույթի պահանջներին համապատասխան, սահմանված ժամանակացույցով հաղթող ճանաչված կազմակերպությունները պետք է ժամանակին ավարտեն աշխատանքներն ու փողոցները շահագործման հանձնեն: Պարտավորությունները պատշաճ չկատարելու դեպքում նրանք պատասխանատվության կենթարկվեն: Ինչ վերաբերում է ընթացիկ նորոգման աշխատանքներին, ապա պարբերաբար ներկայացվում են նոր հասցեներ, որտեղ ևս փոսալցման անհրաժեշտություն կա: Այս դեպքում ևս եղեք հետևողական, որպեսզի նախատեսված բոլոր աշխատանքները պատշաճ կատարվեն: Մենք պետք է հասնենք նրան, որ մայրաքաղաքում այլևս փոսեր չլինեն», – ընդգծել է Տարոն Մարգարյանը: