Գագիկ Եգանյանի խորախորհուրդ մասնագիտական հաշվարկները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը չի նպաստի արտագաղթի ավելացմանը, այլ հակառակը: Երեկ այսպիսի կարծիք է հայտնել ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Թե ինչի վրա է հիմնված Եգանյանի այս լավատեսությունը, դժվար է ասել, առավել եւս, որ նրա ներկայացրած առավելությունները, որոնք ստանալու են Ռուսաստանում աշխատող հայ միգրանտները, բոլորովին հակառակ սպասումների տեղիք են տալիս:

Այսպես՝ Եգանյանի ներկայացմամբ. «ԵՏՄ տարածքում աշխատաշուկաները դառնալու են միասնական։ Ռուսաստանում աշխատանք կատարելիս մեր քաղաքացին եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին նույն իրավունքներն են ունենալու։ Ներկայումս, որպեսզի միգրանտն աշխատի, առանձին ընթացակարգով պետք է ձեռք բերի աշխատանքի թույլտվություն, ներկայացնի փաստաթղթեր եւ տուրք վճարի։ ԵՏՄ մուտք գործելուց հետո այդ տուրքը վճարելու կարիք չի լինի, ու սա մեծ տնտեսում կլինի»։ Բացի այդ, ըստ նրա, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում միգրանտը եւ նրա ընտանիքի անդամները համարվում են օրինական բնակվողներ եւ կարող են այդ երկրից դուրս գալ ու մուտք գործել, ինչքան ցանկանան:

Ահա այս ամենը նկատի առնելով` կա արդյոք Ռուսաստանում երբեւէ ապրած, կամ այդ երկրում արտագնա աշխատանքի գնացած հարազատներ ունեցող մեկը, որը կասկածում է, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանի ամեն երրորդ աղքատ քաղաքացին շտապելու է մեկնել Ռուսաստան` իր հանապազօրյա հացի հետեւից: Բացի, իհարկե, Գագիկ Եգանյանից, որը ինչ-ինչ խորախորհուրդ մասնագիտական հաշվարկներից ելնելով՝ փորձում է համոզել, որ ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում ապրող ՀՀ քաղաքացու մոտ կկորի Ռուսաստանում աշխատելու ցանկությունը ճիշտ այն պահին, երբ այնտեղ աշխատանքի պայմանները կթեթեւացվեն: Եվ կամ` Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիները կորոշեն վերադառնալ հայրենիք, քանի որ, երբ վերանա փողոցում ռուս ոստիկանի կողմից առանց անձնագրի կամ գրանցման «բռնվելու» եւ «դեպորտ» արվելու վտանգը, այլեւս անհետաքրքիր կդառնա ՌԴ-ում ապրելն ու աշխատելը:

Իրականում Գագիկ Եգանյանի այս հայտարարությունները նույնքան հավատարժան են եւ հաշվարկված, որքան տարիներ շարունակ նրա կողմից կրկնվող այն պնդումները, թե Հայաստանից, իբրեւ այդպիսին, արտագաղթի մեծ տեմպեր չկան, եւ երկրից մարդկային անընդմեջ արտահոսքն ընդամենը «սեզոնային աշխատանքային միգրացիա» է:

Իսկ այն, որ առաջիկայում Հայաստանից արտագաղթը կշարունակվի, կասկածից դուրս է: Ընդ որում, անկախ այն բանից` կանդամակցենք մենք ԵՏՄ-ին, թե ոչ

Ի վերջո, արտագաղթի պատճառը ոչ թե Ռուսաստանում է կամ ԵՏՄ-ում, այլ այստեղ` Հայաստանում: Եվ մինչեւ չվերացվի այդ պատճառը` ՀՀ ներկայիս իշխանությունների տեսքով, արտագաղթը չի դադարի:




Լրահոս