ԽՈՍՏԱՑԱՆ ՉՆԵՂԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին բողոքում էր  Խորենացու փողոցում շինարարություն իրականացնող աշխղեկից: Նույն փողոցի թիվ 60 հասցեի բնակչուհի Պավլինա Խաչատրյանի ներկայացմամբ՝ բնակիչները մոտեցել են աշխղեկին՝ տեղեկացնելու, որ սխալ նախագծված ճանապարհի պատճառով  Գումի  շուկայի «մսի պասաժի կեղտաջրերը» թափվում են իրենց տան բակերը՝ ստեղծելով սանիտարահիգիենիկ տհաճ վիճակ, սակայն վերջինս նրանց վիրավորել է` ասելով «ռա՛դ եղեք» ու հրահանգել բանվորներին վերսկսել ընդհատված աշխատանքը:
Նախ փորձեցինք պարզել աշխղեկի ով լինելը: Սակայն  հեռախոսազրույցում մեր զրուցակիցը հարկ չհամարեց ներկայանալ ու ասաց. «10 րոպեի՛ց զանգեք, սաղ կասեմ»: Ավելի ուշ մեր զանգերին պատասխանեց Համլետ անունով մի բանվոր,  որը մասնավորապես նշեց, որ իրենց կազմակերպությունը պատկանում է Գագիկ Բեգլարյանին. «Տեցի զավոդի բանվորներ ենք, մեզ ինչ ասում են, էն էլ անում ենք, քո՛ւր ջան: Ավել բան չգիտեմ»:
Երեւանի քաղաքապետարանից փորձեցինք ճշտել Խորենացու փողոցում բարեկարգում  իրականացնող կազմակերպության տվյալները: Քաղաքապետարանի  շինբարեկարգման վարչության պետ Էդիկ Շաքարյանը նշեց. «Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները սկսվել են դեռեւս նախորդ ամիսներին: Խորենացու փողոցում շուրջ 1,5 կմ հատված բարեկարգված է: Նման դեպք չեմ հիշում, երբ որեւէ քաղաքացի բողոքի նախագծային սխալից: Նման դեպքերում մենք վերանայում ենք նախագծերը, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարում»:
Պարոն Շաքարյանի միջամտությամբ «Ժողովուրդ»-ի հետ կապ հաստատած աշխղեկն արդարացավ՝ ասելով, որ ինքը փորձել է քաղաքացուն բացատրել իրավիճակը, առաջարկել այլընտրանքային տարբերակ, բայց վերջինս չի հասկացել իրեն. «Ես տեսակով բարի ու քաղաքավարի մարդ եմ ու կնոջը երբեք չէի վիրավորի»:
Ինչեւէ, «Տեր-Հայրապետյանշին» ՍՊԸ-ի տնօրեն Արշակ Վարյանը, որը նույն աշխղեկն է, մեզ ասաց. «Ասֆալտապատման  ընթացքում անհրաժեշտ է լինում  բարձրացնել դիտահորերը եւ հավասարեցնել ընդհանուր մակերեսին: Սակայն կինը պահանջում էր այն տեղափոխել դիմացի մայթ, ինչը տեխնիկապես մեծ դժվարությունների հետ է կապված: Խոստացանք կառուցել անձրեւորսիչ, սակայն տիկինը կրկին չուզեց լսել՝ ասելով, որ դա իրավիճակը չի փոխի, ու կեղտաջրերը կթափվեն իրենց բակ»:
Քաղաքապետարանից խոստացան դրական լուծում գտնել հարցի առթիվ եւ «չնեղացնել քաղաքացուն»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս