ՁՐԻ ՊԱՆԻՐԸ՝ ՄԻԱՅՆ ԹԱԿԱՐԴՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջանային այցը, մասնավորապես Հայաստանում նրա հայտարարություններն այսօր դարձել են քաղաքական դաշտի ամենաքննարկվող թեման: Բանն այն է, որ Քլինթոնը բավական ջերմ խոսքեր է շռայլել ՀՀ իշխանությունների, մասնավորապես Սերժ Սարգսյանի հասցեին:
«Ես գիտեմ, թե Դուք անձամբ ինչպիսի ջանասիրությամբ եք աշխատել Հայաստանին առնչվող տարածաշրջանային խնդիրներին լուծում գտնելու համար: Այսպիսով՝ ակնկալում ենք շարունակել երկխոսությունը: Միացյալ Նահանգները պատրաստակամ են օժանդակել եւ աջակցել Ձեր գործունեությանը` որպես հիանալի առաջնորդ»,- ասել է Քլինթոնը Ս. Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Ավելին, ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ էլ խոսել է ԱԺ վերջին ընտրությունների մասին՝ որակելով դրանք «մրցակցային ու բաց»:
Իշխանություններն, իհարկե, հրճված են Քլինթոնի խոսքերի շռայլությունից, սակայն, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, «ձրի պանիրը միայն թակարդում է լինում»: Ակնհայտ է, որ Քլինթոնն այս հայտարարությունները հենց այնպես չի արել, այլ ԱՄՆ-ը լուրջ ակնկալիքներ ունի Ս. Սարգսյանից : Ընդ որում, տարրական տրամաբանությունն անգամ հուշում է, որ այդ ակնկալիքներն առաջին հերթին վերաբերում են ԼՂ խնդրի լուծմանն ու հայ-թուրքական հարաբերություններին:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե այդ գնահատականներն ունեն բավական տեսանելի քաղաքական ենթատեքստ, ընդ որում հասարակության մոտ այն միանշանակ չի ընդունվել: «Մեր իշխանություններին իրական գնահատական տվողը ժողովուրդն է, որն իր մաշկի վրա է զգում նրանց պաշտոնավարման հետեւանքները»,-ասաց նա՝ նշելով, որ Քլինթոնի խոսքերը պետք է դիտարկել ամերիկյան շահի տեսանկյունից. «Հարկավոր է տեսնել՝ ինչն է հետաքրքրում ԱՄՆ-ին տարածաշրջանում, եւ Հայաստանն այստեղ ինչ անելիքներ ունի»:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնում Սերժ Սարգսյանին, սակայն դրա դիմաց երեք գեոքաղաքական խնդրի շուրջ նրանից կոնկրետ քայլեր է ակնկալում: Կարապետյանի խոսքերով՝ ՀՀ իշխանություններից ԱՄՆ-ն ակնկալում է ԼՂ խնդրի լուծում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում եւ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին ինտեգրվում: «Սրանք են այն հարցերը, որ տիկին Քլինթոնն իր աջակցությունը ստացած Ս.Սարգսյանից պահանջելու է»,-նշեց պարոն Կարապետյանը՝ հավելելով, որ այդ ակնկալիքների մի մասը՝ պետք է բավարարվեն մինչեւ ՀՀ նախագահի ընտրությունները, իսկ մյուս մասը դրանից հետո: Մեր հարցին՝ կարելի է այսպիսով փակված համարել նախագահի առաջիկա ընտրությունների թեման, պարոն Կարապետյանը նշեց. «Չեմ կարծում: Սա մի գեոքաղաքական կենտրոնի տեսակետ է, որն արտահայտվեց բավական բաց տեքստով, ընդ որում արտահայտվեց բավական վաղ: Սովորաբար նման հայտարարությունները հնչում են ընտրություններից ասենք մեկ-երկու ամիս առաջ կամ ընտրությունների ժամանակ: Սակայն այս դեպքում նախագահի ընտրություններին կա ութ ամիս: Ուրեմն նշանակում է իրավիճակը մեզ մոտ բավական բարդ է: Ամերիկացիներն իրենց հաշվարկներն ունեն, իրենց կարծիքով, հնարավոր են որոշակի ֆորսմաժորային իրավիճակներ ողջ տարածաշրջանում: Ուստի արդեն իսկ նման բաց տեքստով են խոսում»: Պարոն Կարապետյանի կարծիքով, հարկավոր է նկատի ունենալ նաեւ Ռուսաստանի գործոնը, որն առաջիկայում անպայման իր հակաքայլերը կանի. «Բոլոր մայրաքաղաքներում տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը վարում է հետեւյալ քաղաքականությունը. «Բոլորին խոստումներ տալ, բայց ոչինչ չանել»: Հիմա եթե այդ գիտակցությունը խորքային բնույթ կրի, ապա հնարավոր է որոշակի ազդեցություն»:
Ի դեպ, հարկ է նաեւ նկատել, որ նախագահի ընտրություններից ութ ամիս առաջ Ս. Սարգսյանին նման կերպ աջակցություն հայտնելը չի նշանակում, որ ԱՄՆ-ը նույն դիրքորոշումը կարող է ունենալ նաեւ ընտրությունների ժամանակ: Բանն այն է, որ նույն Քլինթոնը ժամանակին նման կերպ իր աջակցությունն էր հայտնել Եգիպտոսի նախկին առաջնորդ Մուբարաքին: Խոսքն այն մարդու մասին է, որը, կարճ ժամանակ անց հեղափոխության արդյունքում հրաժարական տվեց եւ օրերս դատապարտվեց ցմահ բանտարկության: Տիկին Քլինթոնը իր աջակցությունն էր հայտնել նաեւ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին. այսօր նա գտնվում է բանտում: Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել այս զուգահեռներին եւ այդքանից հետո նոր եզրակացություններ անել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս