ՕԵԿ-ը ստորագրահավաք է սկսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք պատրաստվում են ստորագրահավաք անցկացնել` կապված ավտովարորդների տուգանքներ-ԴԱՀԿ հակասության և քաղաքացիների բանկային հաշիվները արգելափակելու հետ:

«Դեռևս ամռան ամիսներին, քանի դեռ հնարավորություն չկար 27 ստորագրություն հավաքելու, մենք դիմել էինք Մարդու իրավունքների պաշտպանին: Վերջինս դիմեց ՍԴ՝ վիճարկելու այդ նորմը: Միաժամանակ, մենք ներկայացրեցինք օրենքի նախագծերի փաթեթ, որը քննարկվեց և այս նստաշրջանի ընթացքում մտավ մեծ օրակարգ՝ դրական եզրակացությամբ: Գնալով այնքան է շատացել մեր քաղաքացիների թիվը, ովքեր առանց պատշաճ ծանուցման, իրենց իրավունքը առանց դատական կարգով պաշտպանելու հայտնվում են անելանելի վիճակում»,- ասաց Հովհաննես Մարգարյանը: Վերջինս նշեց, որ դատը նշանակված էր նոյեմբերի 25-ին:

«Հետաքրքիր է, որ երբ եկավ այն ժամկետը, երբ պետք է փոքր օրակարգ մտներ այս հարցը, Սահմանադրական դատարանից հետ կանչվեց դիմումը: Սակայն, Հանրապետական կուսակցությունը դեմ քվեարկեց, և հարցը օրակարգ չընդգրկվեց»,- նշեց պատգամավորը` հավելելով. «Խորհրդարանն իր ձեռքով կատարած սխալը պետք է ուղղեր, բայց այդպես չարեց: Մեզ այլ բան չի մնում, մենք ստորագրահավաք ենք սկսելու: Դիմումի տեքստն արդեն պատրաստ է, թուղթը ստացել ենք, ստորագրել ենք և սկսել ենք այդ պրոցեդուրան: Ինձ թվում է, որ արտահերթ նիստի ընթացքում այս հարցն արագ կարվի և կներկայացնենք Սահմանադրական դատարան: Մենք այստեղ ավելի հեշտ ճանապարհ էինք առաջարկում, սակայն խորհրդարանը չցանկացավ հեշտ ճանապարհով գնալ»:




Լրահոս