Նա նկատի է ունեցել, որ մենք հիմա լծերից ազատվում ենք: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու՞ է Մհեր Սեդրակյանը բարձրաձայնում, որ Հայաստանը սովոր է լծի տակ ապրել:
«Նա նկատի է ունեցել, որ մենք հիմա լծերից ազատվում ենք: Եղել է ժամանակ, որ մենք չենք ունեցել պետականություն, հիմա մենք ինքնուրույն, անկախ պետություն ենք», – ընդգծեց նա:
Վահրամ Բաղդասարյանը շեշտեց, որ որոշ պատգամավորներ երբեմն լեզվի սայթաքումներ են ունենում, երբեմն էլ չեն կարողանում ճիշտ ձևակերպեն իրենց միտքը:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի քվեարկության ժամանակ տեղի ունեցածին, երբ մի քանի ՀՀԿ-ականներ կողմ և ձեռնպահ քվեարկեցին, այսինքն, խրամատից կրակեցին ժողովրդի օգտին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.
«Որեւէ մեկն այդ կրակոցներից վիրավորվե՞լ է: Դե լավ է, որ վիրավորներ չեն եղել: Մենք կատեգորիկ չենք դրել, թե ով ինչ կարծիք հայտնի: Բայց դրանք եղել են թյուրիմացություն, 3 պատգամավոր ձեռք են բարձրացրել, որ շփոթվել են: Քանի որ դա քվեարկության արդյունքների վրա ազդեցություն չի ունեցել, քարտուղարությունը ուշադրություն չի դարձրել: Բայց ես վատ չեմ նայում դրան»:
Հիշեցնենք, որ Մհեր Սեդրակյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե հայ ազգը սովոր է ինչ-որ մեկի լծի տակ լինել: