Հավանաբար բռնությունների այս գործերն էլ կավարտվեն՝ «կաֆելչիկներ» դատելով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին օրերին սկսված բռնությունների շղթան արթնացրել է անգամ ամենաանտարբեր մարդկանց զայրույթը, ու ցանկացած ոք փորձում է հասկանալ դրանց շարժառիթը: Բնականաբար, ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունն է կազմակերպում ծեծը, իսկ իշխանության ներկայացուցիչները փորձում են այն վերագրել քրեական տարրերին, երրորդ ուժին կամ պայմանավորել դրսի գործոնով: Եթե առաջին երկու տարբերակները մի կերպ կարելի է հասկանալ, ապա բավականին լուրջ մեղադրանք է ստացվում «դրսի ուժերի» վարկածը: Սակայն ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր, ծագումով արցախցի Համլետ Հարությունյանն առանց վարանելու հայտարարել է, թե. «Այդ դրսի ուժերն են հենց մեր տունը քանդողները: Ամենաշատ վնասը, որ մենք կրում ենք, այդ դրսի ուժերի կազմակերպած կամ ֆինանսավորած գործողությունների արդյունք է: Ես սա համարում եմ մեր դեմ կատարված քայլ: Դրանք հատուկ գործող մարդիկ են, որ փորձում են իշխանություններին վարկաբեկել: Իշխանությունները երբեք շահագրգռված չեն լինի նման արարքներ անել»:

Այսինքն՝ ՀՀ ոստիկանության ու քննչական կոմիտեի համար ՀՀԿ-ական պատգամավոր Հարությունյանը մի նոր «գործ է բացում»: Ինչո՞ւ, բացատրենք: Եթե մեր երկրի ներսում ինչ-որ «մութ ուժեր» բռնություններ են կազմակերպում, ծեծում են մեր երկրի անկախության համար մարտնչած հրամանատարներին, հռչակագիրը ընթերցողին, նշանակում է, որ այս գործը պետք է քննվի ոչ թե ոստիկանության հետաքննիչների կամ քննչական կոմիտեի քննիչների մակարդակով, այլ ՀՀ գլխավոր դատախազը պետք է հատուկ որոշմամբ գործի քննությունն ուղարկի ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն: Քանի որ մեր երկրի անվտանգությունն ուղղակի հարվածի տակ է:

Բայց դատելով ԱԱԾ-ի կողմից քննված «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործի քննության ընթացքն ու ավարտը, որը եւս Հայրիկյանը համարում էր «դրսի ուժերի գործ», կարելի է կանխատեսել, որ հետաքրքիր «թատրոն» է մեզ սպասվում: Ի վերջո, Հայրիկյանի մահափորձի գործը քննվեց եւ հասավ էպոսագետ Վարդան Սեդրակյանին ու նրա տան «կաֆելչիկներին»: Եւ երեք հոգու բանտարկությամբ ավարտվեց Հայրիկյանին սպառնացող վտանգի թեման:

Այս դեպքում եւս, հավանաբար, մի երկու «կաֆել-մետլախ խփողներ» կներգրավվեն գործում, որոնք կմեղադրվեն ազատամարտիկներին, քաղաքական գործիչներին ծեծի ենթարկելու մեջ: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լեւոն Երանոսյանին, ապա, թերեւս, նրա հարցն էլ «կփակվի» ձեւական նկատողություններով:




Լրահոս