ԼՂ-ում միջոցներ են ձեռնարկվում անհիմն գնաճից խուսափելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ այսօր հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դրամի արժեզրկման հետևանքով հանրապետությունում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների գների բարձրացման հետ կապված հարցեր:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հանրապետությունում գների չհիմնավորված բարձրացումները կանխելու և դրանք կայունացնելու համար համապատասխան մարմինների կողմից օրեր առաջ սկսվել են միջոցներ ձեռնարկվել:
Վերջին օրերի ընթացքում հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, հարկային պետական և ազգային վիճակագրական ծառայությունների կատարած ուսումնասիրությունների ու դիտարկումների արդյունքներով՝ որոշ ապրանքատեսակների գները զգալիորեն աճել են:

Նշանակալի գնաճ է արձանագրվել առանձին ապրանքատեսակների` մասնավորապես, շաքարավազի և բուսական յուղի մասով, տեղական ալյուրի գինը մնացել է անփոփոխ: Ըստ զեկուցումների՝ տնտեսվարող սուբյեկտների հետ տարվող աշխատանքի միջոցով ոլորտը կարգավորող մարմինները վերահսկում են գների անհիմն բարձրացումները, իսկ տարադրամի փոխարժեքի կայունացմանը զուգահեռ կկայունանան նաև ապրանքների գները:

Վարչապետը խորհրդակցությանը ներկա շահագրգիր գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է հետևողական աշխատանք տանել շուկայի ամենօրյա ուսումնասիրության ուղղությամբ, իրենց լիազորությունների սահմաններում շարունակել վերահսկողությունը տնտեսվարող սուբյեկտների շրջանում՝ գների անհիմն բարձրացումները կանխելու համար: Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ դրամի փոխարժեքի կայունացումից հետո գործադիրը համապատասխան հետևություններ կանի և կարիքի դեպքում լրացուցիչ գործիքներ կկիրառի սոցիալական լարումը մեղմելու նպատակով:




Լրահոս