Գյումրու դաժան սպանությունից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բոլորը միահամուռ նշում են, որ անկախ ազգությունից՝ այս հանցագործությունը պետք է բացահայտվի և խստագույնս պատժվի:
Հիշեցնենք, որ հայտնի է դարձել սպանություն կատարելու մեջ կասկածվող անձը. նա Գյումրու 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է:
Դեպքի առնչությամբ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել է. «Էս վիժվածքին ո՞նց են զինված ուժեր զորակոչել: Գյումրեցիք կասեին «թելը բգին կայնած օչխար»: Հ.Գ. Տականքը ազգություն չի ճանաչում: Քաղաքական ընդհանրացումներն ավելորդ են:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը գրել է. «Ժողովուրդ ջան, շատ-շատ, անասելի ողբերգական հանցագործություն է կատարվել Գյումրիում` անմարդկային, անասնական: Ու կապ չունի, թե դա կատարողն ինչ ազգության է` հայ, թե ռուս, պետք է խստագույնս դատվի: Բայց, սթափ եղեք եւ այդ դեպքը մի տարածեք բոլոր ռուսների վրա, մի վերագրեք մի ողջ ժողովրդի: Ինձ հասկանալի չեն այդպիսի գրառումներն ու կոչերը»:
Համանման տեսակետ է արտահայտել նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Սա սարսափելի ոճրագործություն է»,- Armlur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Աղասի Ենոքյանն ու հավելեց, որ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքն իր մնայուն հետքն է թողնելու:
«Նման բան մենք առաջ չէինք էլ կարող պատկերացնել: Սա ցույց է տալիս ռուսների մենթալիտետը: Սա նաև ցույց է տալիս ռուսների վերաբերմունքը հայերի նկատմամբ: Այս դեպքից հետո պետք է լուրջ բողոքի ալիք լինի Գյումրիում ռուսական ռազմաբազայի դեմ»,- նշեց Ենոքյանը:
Նրա կարծիքով` մեր իշխանությունները պետք է լրջագույն հարց տան իրենց, թե որքանով է նպատակահարմար այդ բազայի գոյությունը, որքանով է նպատակահարմար անվերահսկելի մարդասպանների գոյությունը Հայաստանի տարածքում:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը գրել է. «Այս դեպքով ողջ ռուս ազգին սրիկա անվանելը առնվազն անգիտակից կամ էմոցիոնալ վիճակի մասին է խոսում, նման հանցագործներ մեր մեջ էլ շատ են, ու իրանք ազգությամբ ռուս չեն… հավաքական ադեկվատությունը բոլորիս վնաս չի բերի…»:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ գրել է. «Իհարկե, մարդասպանը ազգություն չունի…Գազանը ազգություն ունենալ չի կարող: Սակայն արդյոք ազգություն ունե՞ն բոլոր այն մարդիկ ովքեր պատասխանատու են այս ԲԱՐԴԱԿԻ համար: Ե՛վ Ռուսաստանում, ե՛վ Ֆրասիայում, ե՛վ Հայաստանում…Ամենուր: Որոնց խղճի վրա է անմեղ զոհերի արյունը…ԱՅՍ ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻ, ԸՆՉԱՔԱՂՑՆԵՐԻ, ՏԳԵՏՆԵՐԻ, ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ՄԱՆԿՈւՌՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈւՄ …Ի՞ՆՉ ԱԶԳՈւԹՅՈւՆ…»: