Ինչպես արդեն հայտնի է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված «Ոչ իշխանական քաղաքակ ան եւ հասարակական ուժերի խորհրդաժողովը» տեղի կունենա փետրվարի 5-ին, «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում:
Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանն այդ խորհրդաժողովը հրավիրել էր հունվարի 20-ին, սակայն այն հետաձգվեց` պայմանավորված Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգությամբ: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ՝ պարզելու համար, թե արդյո՞ք ԲՀԿ-ն կրկին չի որոշի հետաձգել համաժողովը, քանի որ այժմ էլ լարված իրավիճակ է սահմանում:
-Պարո՛ն Ուրիխանյան, ԲՀԿ-ն հետաձգեց հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովը՝ Գյումրիիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված: Նոր խորհրդաժողովի հրավիրյալները տեղյակ են, որ այն կայանալու է փետրվարի 5-ին, Դուք կրկի՞ն հրավիրատոմսեր եք ուղարկում նրանց:
-Չէ՛, հրավերներ նորից չեն ուղարկվում: Թերեւս բոլորն արդեն տեղեկացվել են, քանի որ կապ կա, մասնավորապես ինձ էլ մարդիկ զանգահարում են, ճշտում են, կազմկոմիտեն է տեղեկություններ տրամադրում, բոլորի հետ շարունակում է կապի մեջ մնալ: Իսկ երկրորդն էլ, իհարկե, լրացուցիչ անգամ կազմակերպչական աշխատանքների ցանկում դա կարվի:
-Այժմ լարված իրավիճակ է սահմանային գոտում, որը, կարծես թե, էսկալացիայի միտում ունի: Հնարավո՞ր է՝ այս իրավիճակից ելնելով՝ ԲՀԿ-ն դարձյալ հետաձգի խորհրդաժողովը, մինչեւ իրավիճակը կայունանա:
-Այն, ինչ տեղի է ունենում սահմանում, դա եւս արտաքին քաղաքականության հետեւանք է, սա իմ տեսակետն է, բայց կարծում եմ, որ դա ակնհայտ է: Որովհետեւ եթե Հայաստանը վարեր այլ կարգի եւ այլ մակարդակի արտաքին քաղաքականություն, միգուցե Ադրբեջանը այդ չափ լկտի չլիներ, նման կերպ չվարվեր: Բայց սա էլ այլ հարց է, խնդիրն այն է, որ համաժողովում մեկտեղվելու են բոլոր մտահագությունները, երկրում առկա պրոբլեմները, այդ թվում՝ արտաքին քաղաքականության եւ Ադրբեջանի գործողությունների առընչությամբ՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի, այսպես ասած, կիսապատերազմական վիճակում գտնվելու հարցի շուրջ: Նաեւ ուզում եմ այդ մասով ասել մեկ այլ բան, որ լրջագույնս քննարկվում են ե՛ւ այդ կիսապատերազմական վիճակը, ե՛ւ Ադրբեջանի ագրեսիայի արտահայտումներն ու Հայաստանի եւ հայ զինծառայողների վրա ազդեցությունները, ինչպես նաեւ՝ տնտեսական իրավիճակը, այսինքն՝ տնտեսական ճգնաժամը, դրանցից բխող այս բոլոր պրոբլեմները՝ կառավարման ձեւի ու կարգի տեսանկյունից:
Այսինքն՝ սա հարց է, որը ե՛ւ քննարկվում է, ե՛ւ քննարկվելու է, սա խնդիր է, որի վրա հիմնվելով՝ նաեւ հիմնականում ոչ իշխանական ուժերը խոսում են Սահմանադրական բարեփոխումների ավանտյուրայի կամ էքսպերիմենտի անթույլատրելիության մասին եւ այլն: Այսինքն՝ Ձեր հարցի հետ կապված՝ ասեմ, որ դա քննարկելու հարց է, մտահոգության, բնականաբար, առաջնային աղբյուր է, եւ անշուշտ դրան պետք է անդրադարձ կատարվի համաժողովում:
-Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ի հրավիրված խորհրդաժողովին ՀԱԿ-ը ներկա չի լինելու, ԲՀԿ-ի համար պա՞րզ է, թե ինչու է Ձեր գործընկերը բացակայելու այս կարեւոր խորհրդաժողովից, ինչո՞ւ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի «կողքին» չէ:
-Այնքան էլ այդպես չի, այսինքն՝ «մեր կողքին չի» ձեւակերպման հետ ես համաձայն չեմ: Իսկ թե ինչու չի մասնակցում կոնկրետ այս միջոցառմանը, դա մտածելու տեղիք չի տալիս, որովհետեւ իրենք բազմիցս պատճառաբանել են, կամ ավելի ճիշտ՝ բացատրել են եւ իրենց դիրքորոշումները ներկայացրել են: Սա առանձին վերցված մի միջոցառում է, ընդհանուր ռազմավարական, նպատակակետին հասնելու ճանապարհին: ՀԱԿ-ը քանիցս նշել է, որ երկկողմ եւ եռակողմ ձեւաչափով ԲՀԿ-ի հետ աշխատում, համագործակցում է: Առանձին մեկ միջոցառմանը նրանց չմասնակցելը վստահ եմ, որ չի նշանակում, թե նրանք, կարող է, հիմնական նպատակակետին հասնելու ճանապարհից փորձեն դուրս գալ կամ շեղվել:
-ՀԱԿ-ի` խորհրդաժողովին չմասնակցելու որոշումը ոմանց կողմից սուր քննադատության արժանացավ, անգամ նշվեց, թե ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը կրկին «քցեց» Գ. Ծառուկյանին: ԲՀԿ-ն այդ տեսակետի՞ն է:
-Ես կարող եմ ինֆորմացիա տալ ԲՀԿ-ի գործողություններից, ես իրավասու չեմ ինչ-որ հայտարարություններ մեկնաբանելու: Ես արդեն Ձեր հարցին պատասխանեցի` ՀԱԿ-ի համաժողովին մասնակցել-չմասնակցելու հետ կապված:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ